«Սովորեցրեք մեզ սովորել». սա է այսօրվա ուսանողի հիմնական պահանջը
SocietyԵթե բուհերի ղեկավարների կարծիքով տնտեսական կայուն դաշտ չլինելու պատճառով է, որ իրենք չեն կարողանում ժանանակի պահանջներին համապատասխանող որակյալ կադրեր պատրաստել, պարզվում է, որ ուսանողներն այլ՝ ավելի լուրջ խնդիրներ ունեն: Ուսանողների կարծիքով՝ որակյալ կադրերն օդից չեն ծնվում և նրանց պատրասելու համար նախ պետք է ուսանողին սովորեցնել սովորել:
Իսկապես դա խնդիր է, քանի որ շատ հաճախ այս կամ այն մասնագիտությունն ընտրելուց հետո երիտասարդը պարզում է, որ այն բավականին բարդ է ընկալելը կամ այն չէ, ինչ պատկերացնում էր: Այդ պատճառով շատ հաճախ ոչ միայն փշրվում է տվյալ մասնագիտության նկատմամբ սերն ու տվյալ մասնագետը դառնալու ցանկությունը, այլև նրան դարձնում է անգործ ուսանող ու հետագայում էլ՝ անպիտան մասնագետ:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կազմակերպած «Մասնագիտական կրթության որակի ապահովում.որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով որակի ապահովման 3-րդ ֆորումը, որին մասնակցում էին բուհերի ղեկավարներ, դասախոսներ և կրթության կառավարման մասնագետներ և կրթական ծրագրերի փորձագետներ Հայաստանից, Վրաստանից և եվրոպական մի շարք երկրներից, մասնակցում էին նաև ուսանողներ, ովքեր լինելով նաև փորձագետներ, ներկայացրեցին, թե որքանով են կրթական ծրագրերն արդյունավետ և որքանով են իրենք կարողանում մասնագիտական հմտություններ ձեռք բերել:
Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Հանրային կառավարում բաժնի երրորդ կուրսի ուսանողուհի Մելինե Գևորգյանի կարծիքով՝ դասավանդման պրոցեսում պետք է լինի երկակի, եռակի ու քառակի մոտեցում բուհի վարչական անձնակազմի և ուսանողի միջև:
«Այսինքն՝ ուսանողակենտրոն ուսուցումը պետք է իրականում ծառայի իր նպատակին: Ինչպես նշեցի, պետք է ուսանողին սովորեցնել սովորել, որոհետև այն հանգամանքը, որ դու ուսանող ես, չի նշանակում, որ ուսանողն արդեն մեծ է և ամեն ինչ կարող է»,- Orer.am-ին ասաց Մելինեն:
Նրա կարծիքով՝ ուսանողների միջև մրցակցության խթանման և նրանց տարբերակման գլխավոր չափանիշը պետք է միայն ու միայն լինի գիտելիքը, հմտությունը և կարողությունը: Նրա խոսքով՝ իրականում ոչ բոլոր ուսանողներն են դասապրոցեսի ընթացքում աչքի ընկնում իրենց ակտիվությամբ, սակայն դա բացարձակապես չի նշանակում, որ նրանք ինչ-որ բան պակաս գիտեն:
«Նրանց պետք է ոչ թե առանձնահատուկ մոտեցում ցուցաբերվի, այլ անուղղակի մոտեցում, ինչի շնորհիվ ուսանողը կինտեգրվի դասապրոցեսի մեջ: Ու սա թերևս դասախոսի ու նաև համակուրսեցիների գլխավոր խնդիրն է»,- ասում է Մելինեն:
Այն հարցին, թե հնարավոր է, որ մեկ դասախոսը կարողանա իր բոլոր ուսանողներին նույնչափ ուշադիր լինել և արդյոք ճիշտ է մեկ խմբում 25-30 ուսանող ունենալը և ճիշտ չէ արդյոք, որ այդ խմբերը փոքրացվեն, քանի որ բոլոր ուսանողներն էլ վճարում են բուհին բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար, բայց պատահում է, որ հայտնվում են լուսանցքում և չեն կարողանում անհրաժեշտ գիտելիքի պաշար ձեռք բերել, նա պատասխանեց. «Իմ կարծիքով՝ բուհը դպրոցից հենց նրանով է տարբերվում, որ դասախոսը պրոֆեսիոնալ բյուրոկրատիայի ներկայացուցիչ է և կարող է մոտիվացված չլինի դասապրոցեսին, բայց պարտավոր է կառավարել լսարանը և բոլորի համար հավասար պայմաններ ստեղծել: Իհարկե, դասավանդման արդյունավետությունը 100 տոկոսով գնահատելը խելամիտ չէ, բայց անհրաժեշտ է ավելի համակարգային մոտեցում ցուցաբերել: Հիմա բավականին մեթոդներ են ներդվել՝ ինտերակտիվ կոչվածը, որը ուսանող-ուսանող, ուսանող-դասախոս խաչաձև հարաբերություններն են, սակայն դրա արդյունավեդտությունը գնահատելը դեռևս շուտ է»,- ասաց երրորդ կուրսի ուսանողուհի, կրթության փորձագետը:
Ա. Գրիգորյան