Ճշմարիտյանին կփոխարինի Պավել Սաֆարյա՞նը
AnalysisԱյն, որ կառավարությունում լուրջ կառուցվածքային փոփոխություններ են սպասվում, հայտնի էր դեռ անցյալ տարեվերջից: Ավելին, «փոփոխություններ» ասվածի շրջանակում սպասվում էր նաև կառավարության օպտիմալացում, այդ թվում տեսչությունների ուռճացված աշխատակազմերի կրճատում և այլն: Սակայն այս տարվա հունվարյան տոներից հետո կառավարության կառուցվածքային փոփոխությունների թեման ոչ միայն գնալով զարգացավ, այլև սկսվեց կոնկրետ անուններ շրջանառվելու գործընթացը: Տեղեկություններ տարածվեցին, թե առաջին փոփոխությունները վերաբերելու են իրավապահ մարմինների ամենավերին օղակներին: Հետո սկսեցին որոշ նախարարների անուններ շրջանառվել: Վերջին օրերին էլ եղածին գումարվեց նաև նախարարական պորտֆելներն այլ կուսակցությունների հետ կիսելու վարկածը և ինչպես նախօրոք մամուլը տեղեկացրել էր, կառավարության կառուցվածքային փոփոխությունը պետք է սկսվեր հունվարի երկրորդ տասնօրյակից հետո, ուստի նախարարական պորտֆելների նոր տերերի մասին խոսակցությունները գնալով ավելի են որոշակիանում:
Orer.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ներքին օղակներում արդեն հստակ որոշում է կայացվել, որ Կարեն Ճշմարիտյանը պետք է լքի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը և նրա փոխարեն նշանակվելու է ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը: Ի դեպ Կարեն Ճշմարիտյանին պաշտոնանկ անելու մասին տեղեկությունն արդեն երկու տարի է՝ չի իջնում օրակարգից, սակայն այս անգամ արդեն հարցը կարծես բավականին լուրջ է դրված՝ վարչապետը որոշել է ու վերջ: Ի դեպ, դժվար է պատկերացնել, որ վարչապետի մտերիմ Պավել Սաֆարյանին էկոնոմիկայի նախախարի պաշտոնում նշանակելուց հետո որքանով հայոց տնտեսության մեջ նոր վերելքներ կարձանագրվեն, բայց այն, որ Ճշմարիտյանի ժամանակներն էլ էին վաղուց անցել, փաստ է:
Այնուամենայնիվ, անզեն աչքով էլ տեսանելի է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ուժեղ կառավարություն ձևավորելու և նոր առաջընթաց արձանագրելու անկեղծ ցանկությունն այդպես էլ իրականություն չի դառնում, քանի որ նրան դեռևս չի հաջողվում նորմալ կադրային քաղաքականություն վարել: Վարչապետը փորձում է եղածով բավարարվել և առայժմ միայն զբաղված է նախկին կադրերին այստեղից այնտեղ տանել ու բերել, իսկ որ կառավարման համակարգում ինչ-որ բան փոխելու ցանկությունը առայժմ շարունակում է լոկ ցանկություն մնալ, փաստ է: Ամենատխուրը, սակայն, կլինի այն, որ «օպտիմալացում» ասվածի ալիքը հարվածի նաև նրանց, ովքեր իրենց ոլորտում բավականին ժամանակ աշխատելով կարողացել են որոշակի առաջընթաց արձանագրել, ու եթե նրանց անուններն էլ «չենջի» տախտակին հայտնվեն, ապա վիճակն ավելի կգորշանա:
Արմինե Գրիգորյան