Վերջապես ես լսեցի ընդդիմադիր լիդերի ելույթ
AnalysisԿարդացի ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ Ստրասբուրգում ունեցած ելույթի տեքստը: Մանրամասն չեմ ուզում անդրադառնամ, քանի որ իմ ուշադրությունը գրավեց հատկապես երկու նախադասություն, որոնք շատ հետաքրքիր էին հնչում ամբողջ կոնտեքստում:
Իսկ ամբողջի բովանդակությունն այն էր, որ Հայաստանում ժողովրդավարություն չկա, իշխանությունն անընդհատ վերատադրվում է և անհրաժեշտ է իշխանափոխություն ընտրությունների միջոցով: Առաջին հայացքից՝ սովորական ընդդիմադիրի ելույթ, բայց ահա ելույթի վերջին մասում ամբողջին լրացում են այն երկու նախադասությունները, որոնց մասին ասացի:
Դրանք են՝ «Դա Հայաստանի, բացառապես Հայաստանի լուծելու խնդիրն է, և Հայաստանը պետք է կարողանա ինքը կառուցել ժողովրդավարության սեփական շենքը: Եվ այս իմաստով պակաս կարևոր չեմ համարում, որ հայաստանյան քաղաքական կյանքի դերակատարները հրաժարվեն որպես Ռուսաստանի, կամ Եվրոպայի կամ ԱՄՆ-ի հայաստանյան պրոտեժե ներկայանալու և աշխարհաքաղաքական այդ կենտրոնների շահերը Հայաստանի ներքաղաքական կյանքի գործոն դարձնելու բոլոր փորձերից»:
Չլինելով Փաշինյանի գաղափարակիցը՝ այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ վերջապես ես լսեցի միջազգային հարթակում հայաստանյան ընդդիմադիր լիդերի այն ելույթը, որը միշտ ուզեցել եմ լսել, միշտ այդպես եմ պատկերացրել, որ միջազգային հարթակներում իրեն պետք է պահեն մեր ընդդիմադիր լիդերները: Սա իրոք շատ կարևոր հանգամանք է, երբ ընդդիմադիր գործիչը, հակադրվելով և սուր քննադատության ենթարկելով իշխանություններին, այնուամենայնիվ, միջազգային հարթակում իր պետության շահերը չի ստորադասում աշխարհաքաղաքական կենտրոնների շահերին և բացահայտ հայտարարում է այդ մասին՝ փաստացի ասելով, որ .մենք մեր խնդիրները ինքներս կլուծենք, մի´ խառնվեք մեր ներքին գործերին՝ իրականում նպատակ ունենալով էլ ավելի շատ ձեր ազդեցության տակ մտցնել Հայաստանը ...
Այ սա է, որ կոչվում է պետականամետության զգացում, սա այն հատկանիշն է, որով, իմ համոզմամբ, պետք է օժտված լինեն նաև ընդդիմադիրները: Եվ եթե Փաշինյանը նույն սկզբունքներով առաջնորդվի նաև ներքաղաքական բոլոր հարցերում, ապա, կարծում եմ, որ նրա գլխավորած քաղաքական ուժը լուրջ դերակատար կդառնա Հայաստանի ներքաղաքական կյանքում:
Կարեն Վարդանյան
Orer.am, վերլուծաբան