Քաղաքը այսօր սեր էր ապրում (լուսանկարներ)
LifestyleՀայ Առաքելական եկեղեցում այսօր նշվեց Երիտասարդների և սիրո բարեխոս, ամենասիրված սրբերից Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը: Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:
Քաղաքում զբոսնելիս կարելի էր նկատել, որ տոնը միայն սիրահարներին չէ, որ ժպիտներ է պարգևում: Երեխաները, տատիկները, ժպտադեմ ու խոժոր մարդիկ լցրել էին սիրո տոնը իրենց ներկայությամբ: Սուրբ Սարգիս եկեղեցում ինչպես ամեն եկեղեցական տոնի ժամանակ, հերթով էին մտնում եկեղեցի՝ համբուրելու Ավետարանը, մոմ վառելու ու աղոթելու: Բակում տատիկների ամբոխը իր աշխատանքն էր կատարում. վաճառում այն, ինչ կարող էր, նույնիսկ՝ աղի բլիթ, և ոչինչ, որ արդեն ուշ էր այն ուտելու համար: Շատ աղջնակներ էլ, հավատալով, որ դեռ կարող են այս գիշեր ուտել, գնում էին աղաբլիթներն ու ուրախացնում խորամանկ տատիկներին: Ամեն կողմից կարելի էր լսել՝ էստեղից էլ մի բան առեք, ես էլ ունեմ սրտիկներ:
Իսկ ահա քիչ հետո Մաշտոցի պողոտան վերածվեց տոնական հրապարակի: Սուրբ Սարգիսը իր ձիով առաջ էր ընթանում, ձեռքով անում բոլորին, իսկ ավտոբուսի ուղևորները երջանկանում էին, լուսանկարում, իրենց մեջ խորը հավատում, որ ուր որ է կհայտնվի իրենց ասպետը: Թմբկահարները իրենց գործը լավ էին անում, կարծես բանակային քայլերգ լիներ. մի տեսակ ուժով էիր լցվում՝ լսելով նրանց կատարումները:
Քաղաքը այսօր սեր էր ապրում՝ տատիկները՝ իրենց՝ նախորդ օրվանից մնացած աղի բլիթները վաճառելով, երիտասարդները՝ իրար սիրո խոսքեր ասելով, նվերներով… Սեր էին ապրում բոլորը… Orer.am-ը այս ֆոտոշարքը պատրաստել է Ձեզ համար:











Պատրաստեց Լիանա Կարապետյանը