Պուշկինի հետնորդները` Պուշկինի ոճով
AnalysisՏևական ժամանակ է, ինչ չենք անդրադարձել հայ-ռուսական «ոխերիմ բարեկամությանը»: Չէինք էլ անդրադառնա, եթե դրա հիմքը նորից չտրվեր ու այս անգամ Հիպոկրատի երդում տված անձանց կողմից: Համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում էր թվացյալ ամենահումանիստ խավի` բժիշկների վերաբերմունքն անօգնական և արյունահոսող կնոջ նկատմամբ, որն ի դեպ, «ջերմ վերաբերմունքի» հետևանքով կորցրեց իր երեխային:
Բայց գանք հերթով: Երբ տարբեր անդրադարձներ ենք անում Պուշկինի միտքն առ այն, թե ты трус, ты раб, ты армянин, շատ սլավոնաֆիլներ միանգամից հագնում են իրավաբանի հագուստը ու սկսում են Պուշկինի փոխարեն մանևրել կամ իրենց հարազատ լեզվով ասված` «կռուտիտ» անել, թե դա ի նկատի չի ունեցել, թե դրանք ստորակետով բաժանված բառեր են, թե ինքը սկզբից քրիստոնյա է ի նկատի ունեցել և այլն, և այլն: Թող` ձեր մտքերը հանգչեն խաղաղությամբ, ընկերնե´ր: Տողերիս հեղինակը չափազանց փոքրոգի կլիներ, եթե իր ողջ վեհության մեջ անգամ լուրջ վերաբերվեր պուշկինյան այդ ստահոտությանը, քավ լիցի: Այստեղ խնդիրն ավելի խորքային է: Դա ռուսական միջավայրի խտացված վերաբերմունքն է փոքր ազգերի նկատմամբ: Դա, իհարկե, հնուց եկող կայսերական վերաբերմունք է, բայց այդ կայսերականությունը դեռ չի վերացել: Հակադարձողները կասեն, որ ռուսական միջավայրում նույնպես կան մարդիկ, ովքեր այլատյաց չեն, այլոց հետ հարաբերվում են հավասարի սկզբունքով: Համաձայն ենք, բայց այդ մարդիկ գնալով պակասում են այդ միջավայրում: Հարաբերությունների հորիզոնական վեկտորում այդ միջավայրի գերակա հատվածը հարաբերությունները պայմանավորում է էթնիկ ծագումով, մաշկի կամ մազերի գույնով և այլն: Օրինակները կամ խտացված վերաբերմունքի արտահայտչամիջոցները բազմաթիվ են: Դա պատմականորեն ձևավորված իրադարձությունների, դեպքերի, գործոնների շղթա է, որը մենք տեսնում ենք ամեն օր, որի արդյունքներն զգում ենք ամեն օր:
Խնդրում եմ սխալ չհասկանալ. խնդիր չենք դրել հերթական լալահառաչության դրսևորումներն ի դերև հանելու՝ քաջ գիտակցելով, որ յուրաքանչյուր ոք իր դժբախտությունը պետք է իր սխալների մեջ որոնի, ամեն դեպքում կա սթափ հարցադրում. մի՞թե տեսակն այդքան կարող է ատելի իր տեսակի գոյին: Հարաբերությունների այս ընթացակարգը կամ պարզապես վերաբերմունքը դրսևորվում է բոլոր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, մշակութային, միջանձնային: Կարծում եմ՝ բոլորի հիշողության մեջ դեռ թարմ է Հրաչյա Հարությունի հետ կապված դիպվածը և վերաբերմունքը նրա նկատմամբ: Ողբերգությունը տեղի էր ունեցել մարդու կամքից անկախ, իսկ ինչպես վարվեցին նրա հետ: Բոլորիս է հայտնի: Ի հակադրություն սրա՝ Հայաստանի հողում յոթ անմեղ մարդ սպանած Պերմյակովին հանգիստ ու խնամված տեսքով բերում են դատարան, կարծես կաշառակերության կամ հողահատկացման հարց են քննարկում:
Ու բնական է, որ վերաբերմունքի շարունակությունը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ հակադարձում չկա: Դա միշտ է եղել այդպես, երբ մենք ընկալվել ենք որպես ծայրագավառ` Ռուսաստանի հարավային սահման, մարդկային պատ: Այստեղ մեղադրելու հիմքեր չունենք, անգամ ներազգային հարաբերությունների ոլորտում, ինքներս ենք մեզ հետ նման կերպ հարաբերվում, երբ խոսք է գնում Երևան-մարզեր մշակութային առնչակցության և վերաբերմունքի մասին: Ռուսական ընկալման տերմինը, որով բնութագրվում է մարզը և դրա բնակիչը` «ռայոն» և «ռայոնցի», դրա տիպիկ վերարտադրությունն է հայկական միջավայրում: Վերաբերմունքը դարերի ընթացքում ձևակերպված մտածողության արդյունք է: Եվ երկու կողմն էլ կրողն են այդ մտածողության, զի կողմերից մեկին ձեռնտու է այն, իսկ մյուս կողմը ոչինչ չի անում այն փոխելու համար:
Հոլովակում առկա բժշկական անձնակազմի անտարբեր հայացքները և վերաբերմունքը դիպվածին այդ մտածողության արտապատկերումն է մարդկության դեմքին: Այս ամենից հետո մեկ հարց է մնում տալ ինքներս մեզ: Միգուցե Պուշկինն իրավացի՞ է:
Վահրամ Թոքմաջյան
Orer.am, վերլուծաբան