Երբ հայ զինվորները սիրահարված են (լուսանկարներ)
LifestyleՀունվարի 28-ը Հայաստանի Հանրապետության տոնացույցում նշվում է որպես Բանակի օր: Այս օրը ունի մեծ կարևորություն հայ ժողովրդի համար, քանի որ մեր բանակն է մեր պետության ու ազգի միակ պաշտպանը, ու նրա հզորությունից է կախված բոլորիս՝ ամեն ապահով վայրկյանը:
Տղաները ամեն զորակոչին թողնում են իրենց առօրյան, որին ընտելացել են 18 տարի, մայրիկին ու հայրիկին, ընկերներին, բարեկամներին, և շատ դեպքերում՝ սիրած աղջկան: Ամուր գրկում են իրար, մի փոքր հուզվում, բայց հպարտությամբ հրաժեշտ տալիս միմյանց՝ փորձելով հաղթահարել սպասվելիք դժվարությունները:
Orer.am-ը զրուցեց Նառա Խաչատրյանի հետ, ով սպասում է իր զինվորին արդեն 1 տարի, և իրեն էլ համարում է զինվոր:
-Ես վստահ եմ, որ չկա մի դժվարություն, որ մարդ չկարողանա հաղթահարել, դրանք ստիպում են, որ լինես ավելի ուժեղ ու ավելի կայացած: Այս դժվարությունը համարում եմ փորձություն, որ հաղթահարում եմ զինվորիս հետ միասին,- ասաց Նառան ու հպարտ ժպտաց՝ կարծես սահմանին կանգնած պաշտպանող զինվոր:
Չնայած դժվարություններին, 2 տարին անցնում է նաև հետաքրքիր ու անակնկալներով լի:
-Անսպասելի մի քանի անգամ ծաղկեփնջեր եմ նվեր ստացել, բայց ինձ համար ամենաթանկ ու ամենակարևոր նվերը ծննդյանս տոնի անակնկալն էր: Չկա ավելի մեծ երջանկություն, քան այն զգացումը, որ զինվորն արել է հնարավոր ու անհնարը այդ առիթը բաց չթողնելու համար: Մի քիչ էլ ես գլուխ գովեմ: Շատ եմ սիրում խոհարարություն, և պատրաստածս քաղցրավենիքները ուղարկում եմ նրան, հետն էլ մի նամակ, որտեղ գրում եմ ուժեղ կարոտիս ու նույքան ուժեղ հավատիս մասին:
Ասում են՝ տղաները բանակում կոփվում են, ամրանում, իսկ որոշ աղջնակներ դժգոհում են՝ ասելով, թե բանակը վատ ազդեցություն է ունենում. տղաները դառնում են կոպիտ: Բայց Նառան այս հարցում էլ է ուժեղ:
-Փոփոխություն միանշանակ նկատելի է՝ մտածելակերպի, խոսելաձևի… սակայն դրանք մանր բաներ են. չէ՞ որ մեր ներսում ուժեղ սեր է ապրում:
Իսկ զգացողությունների մասին խոսելիս, տեղի է տալիս ուժը, հույզերը հաղթանակ են տանում:
-Երբեմն գալիս է մի պահ, որ թվում է ոչ ոք չի հասկանում քեզ, օրերը կանգ են առնում ու թվում է, թե ելք չկա, բայց 1 հեռախոսազանգ,1 անկեղծ խոսակցություն, ու ամեն բան տեղն է ընկնում: Սպասման երկար րոպեները օգնում են հաղթահարել երաժշտությունը, դաշնամուրս ու կիթառս, ինչպես նաև հարազատ ու թանկ մարդիկ:
Թող ուժեղ լինեն բոլոր զինվորներն ու իրենց թագուհիները, իսկ մենք չմոռանանք աղոթել նրանց համար: Ամենուր զրնգացող խոսքերը՝ բարի՜ ծառայություն, թող հասնեն վերև:
Իսկ ահա այս ֆոտոշարքում, որը Ձեզ համար պատրաստել է Orer.am-ը, կարելի տեսնել սիրահարված զինվորներին, նաև՝ Նառային ու իր զինվորին:

















Պատրաստեց Լիանա Կարապետյանը