Սաուդյան Արաբիան ստիպված է զսպել իր ախորժակը
AnalysisՎերջին 25 տարում առաջին անգամ նավթի շուկայում գրանցված աննախադեպ գնանկումը ստիպել է շատ երկրների, այդ թվում` Սաուդյան Արաբիային «ձգել գոտիները»: Նախկինում՝ նման ճգնաժամային վիճակ առաջանալու ժամանակ նավթ արդյունահանող ՕՊԵԿ-ի անդամ երկրների համատեղ ջանքերի շնորհիվ համապատասխան քվոտաներ սահմանելով հնարավոր է եղել կանխել սև ոսկու գնանկումը: Դրան հիմնականում աջակցել է նավթի համաշխարհային շուկայի հիմնական խաղացող Սաուդյան Արաբիան, սակայն այս անգամ այն հրաժարվել է կրճատել նավթարդյունահանման ծավալները՝ պատճառաբանելով, որ այլևս չի ցանկանում նախկինի նման կորցնել իր շուկաները:
Նավթի գնի այսչափ նվազում պաշտոնական Էր-Ռիադը չէր կանխատեսել և հիմա ստիպված է վերանայել իր ցանկությունները: Մեկ բարելի դիմաց 30 դոլարից ավելի ցածր գինը չի կարող չանհանգստացնել նույնիսկ արաբներին, ովքեր նավթ արդյունահանելու վրա ծախում են ընդամենը 10 դոլար, ինչն ամենացածրն է համարվում աշխարհում: Այլևս կարելի է ժամանակավրեպ համարել միջազգային փորձագետների այն վարկածը, թե նավթի շուկայի գնանկումը Ռուսաստանին տնտեսական հարված հասցնելու ԱՄՆ-Սաուդյան Արաբիա պայմանավորվածության հետևանք էր: Ներկայումս պարզ է դառնում, որ դա նաև տհաճ անակնկալ էր Սաուդյան Արաբիայի համար: Կյանքը ցույց է տալիս, որ նավթի ցածր գինն այլևս թույլ չի տա Էր -Ռիադին հանգիստ կառավարել ոչ միայն իր երկիրը, այլև ողջ մուսուլմանական աշխարհը: 2016-ի սկզբից արաբական թագավորությունը ստիպված է եղել ոչ միայն իր պահուստները կրճատել 90 միլիարդով, այլև 26 միլիարդ դոլարի պարտք վերցնել: Արդյունքում՝ երկրի բյուջեի դեֆիցիտն աճել է՝ հասնելով 20 տոկոսի:
Ի դեպ, երկրում կայունություն պահպանելու համար պակաս կարևոր չեն երկրի սոցիալական խնդիրները, քանի որ այնտեղ էլ քիչ չեն սոցիալական կարիք ունեցողների թիվը, բայց, անտեսելով դա, հենց տարեսկզբից Սաուդյան Արաբիայի ղեկավարները որոշում են կայացրել կրճատել բյուջեի ծախսերը, այդ թվում երկրում վաճառվող վառելիքի վրա առկա սուբսիդիան, որը 2014-ի տվյալներով կազմել է 107 միլիարդ դոլար, իսկ բենզինի գինն այս ընթացքում երկրում թանկացել է մոտ 50 տոկոսով: Դրանից բացի՝ այս տարի երկրի ղեկավարները պլանավորում են նոր հարկատեսակներ մտցնել և բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Չնայած միջազգային փորձագետները ողջունում են Էր-Ռիադի սուբսիդիաները կրճատելու քայլը՝ նշելով, որ այն երկրի համար հարկային ծուղակի դեր էր կատարում, այնուամենայնիվ, Սաուդան Արաբիան ներքաշված լինելով արաբական երկրների միանգանից մի քանի կոնֆլիկտի մեջ, այլևս չի կարող իրեն շռայլություններ թույլ տալ: Նրան մեղադրում են նաև նավթից ստացված եկամուտը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համար զենք գնելու վրա ծախսել, սակայն տեղեկություններ կան, որ ներկայում սրվել են նաև Սաուդյան Արաբիայի և ԻՊ ղեկավարների հարաբերությունները: Վերջիններն իրենց ֆինանսավորումը կրճաելու դեպքում պատրաստ են իրենց զենքն ուղղել նույնիսկ Էր-Ռիադի դեմ: Brookings Doha կենտրոնի փորձագետ Լուայ Ալ Հաբիբի կարծիքով՝ եթե Սաուդյան Արաբիան շարունակի նման քաղաքականություն վարել, ապա հինգ տարի հետո այլևս ոչինչ չի ունենա և իր բյուջեի պահուստները կսպառվեն: Ուստի, այսպես, թե այնպես, արաբները ստիպված են կրճատել ռազմական ծախսերը, ինչպես նաև փոքրացնել իրենց աշխարհաքաղաքական ախորժակը, կարծում է փորձագետը:
Ա. Գրիգորյան
Orer.am,վերլուծաբան