Քաղաքականությունը ապաքաղաքական կատեգորիա է…
Analysis«Մաեստրոն», ինչպես միշտ, իր ռեպերտուարի մեջ է, նա իրականում չի կորցնում իր արդիականությունը, չի կրկնվում, միշտ կարողանում է հանդես գալ նոր և ուշագրավ մտքերով:
Մի՞թե ուշագրավ չէ ԱԺ ամբիոնը չքաղաքականացնելու մասին կոչը: Այո՛, այո՛, հենց այդպիսի կոչ է արել Գալուստ Գրիգորիչը` ԱԺ-ում պատասխանելով պատգամավոր Լևոն Զուրաբյանի հայտարարությանը: Իսկ եթե վերարտադրեմ հենց իր բառերով` բառացի կլինի հետևյալը. «Պետք չէ մազեր, կիքսեր փնտրել ամեն ինչի մեջ ու չեմ ուզում, որ այս քաղաքական ամբիոնը քաղաքականացնեք»:
Պարզապես հանճարեղ է ասված` չքաղաքականացնել քաղաքական ամբիոնը: Այլ կերպ ասած մեր երկրի ԱԺ նախագահը կարծում է, որ քաղաքականությունը պետք չէ քաղաքականցնել, քաղաքականությունն ընդհանրապես քաղաքական չէ, այն կարող է լինել հասարակական, սոցիալական, մշակութային, գիտական, բայց ոչ քաղաքական: Քաղաքականությունը ապաքաղաքական կատեգորիա է …
Լավ ստացվեց, չէ՞:
Վերջիվերջո, կարդում եմ, սովորում, ինչու չեմ կարող ես էլ նման մտքեր արտահայտել: Ես, իհարկե, չեմ հավակնում այս ասպարեզում միանգամից մրցակցել պրոֆեսիոնալների հետ, բայց գոնե փորձել պետք է:
Վերջիվերջո, եթե «բիզնես ունեցողը դեռ բիզնեսմեն չէ», իսկ «գաղտնի» բառը «թաքուն» բառը չէ, ուրեմն ինձ նման ամեն միտք արտահայտողն էլ դեռ «մաեստրո» չէ, իսկ »լուրջ մարդկային փոխհարաբերություններում բոլորը պետք է փոխհարաբերվեն», մերկություն տեսնելիս էլ չպետք է գայթակղվել: Բայց, դե ես ավելի լավ է` չափերս ճանաչեմ ու լռեմ, որովհետև «եթե չափից դուրս ենք գալիս, անչափ ենք դառնում»:
Վերջում էլ մի հատ ժպտացող «սմայլիկ»:
Անդրանիկ Բարսեղյան
Orer.am, վերլուծաբան