Մազոխիստական լրատվություն
AnalysisՀայաստանյան լրագրությունը վերածվել է ստատուսային լրատվության: Այս «հիվանդության» հիմնական պատճառներից մեկը սոցցանցերի տարածում ու սնկի նման աճող անհայտ ծագման լրատվամիջոցներն են: Ամենացավալին, սակայն, այս միտումները չեն, այլ այն, որ հայաստանյան լրահոսին հետևելիս տպավորություն է ստեղծվում, թե կա լրագրողների մի հատված, որը շեշտված մազոխիստական հակումններ ունի: Որևէ այլ կերպ հնարավոր չէ բացատրել, թե ինչու են մեր լրագրողներից ոմանք համառորեն շարունակում կես բառ կամ արտահայտություն պոկել այնպիսի օդիոզ դեմքերից, ինչպիսիք են Առաքել Մովսիսյանը, Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Շուշան Պետրոսյանը և այլք:
Ըստ էության, հասկանալի է, որ նշված դասակարգի գործիչների ցանկացած արտահայտություն որոշակի լրատվական բում է ապահովելու՝ նկատի ունենալով այն, որ վերջիններս առանց մեծ ջանքերի հանդես կգան որևէ սարկաստիկ, ցինիկ, հաճախ գռեհիկ և նմանատիպ որևէ հայտարարությամբ: Սա գիտեն բոլոր լրագրողները, գիտեն նաև, որ բոլոր այդօրինակ արտահայտությունները լրատվություն և իրավիճակի ներկայացում չեն, խնդրի մասին քննարկում չեն, մեկնաբանության և վերլուծության ենթակա չեն, սակայն ապահովում են դիտումներ կայքում:
Այս երևույթն ի դեպ միայն մեր իրականությանը չէ, որ հատուկ է, սակայն դա չի նշանակում, որ հարկ է համակերպվել այդ իրավիճակի հետ: Հասկանալի է, որ լրագրողը որևէ օդիոզ կերպարի հարցադրում անելով և ի սկզբանե գիտենալով իր հարցի պատասխանը կամ գոնե ենթադրելով գուցե գիտակցաբար, գուցե ենթագիտակցաբար ցանկանում է ի ցույց դնել հանրությանը, թե ինչպիսի դեմքեր են ներկայացնում երկրում իշխանությունը: Իրականում, սակայն, սա հարցի լուծում չէ, քանի որ բոլորս հրաշալի պատկերացնում ենք հայաստանյան իշխանության կերպարը և ուրեմն պետք է մոռացության մատնել նշված օդիոզներին, քանի որ իրականում հայաստանյան հասարակությանը ոչ թե մականունավոր ու գռեհիկ գործիչներն են սպառնում: Ընդհակառակը, նրանք ովքեր ինտելեկտուալի համբավ ունեն, ովքեր կրթություն են ստացել, ովքեր խելացի են, որովհետև ամենավատ հանրապետականը Առաքել Մովսիսյանը կամ Մհեր Սեդրակյանը չեն, այլ Սամվել Ֆարմանյանը, Էդուարդ Շարմազանովը, նույն Շուշան Պետրոսյանը, նույն Մարգարիտ Եսայանը, որոնք սրբագրում են իրենց գործընկերներին, որոնք ստեղծում են իրական գաղջը:
Մոռացե´ք և մոռացության մատնեք շմայսներին, պարոնա´յք, քանի որ նրանց հայտնվելը լրահոսում, տեսանյութում լրացուցիչ սթրես է Հայաստանի քաղաքացու համար և միաժամանակ գոլորշի բաց թողնելու միջոց, քանի որ մենք կամա թե ակամա սկսում ենք անդրադառնալ ու մեկնաբանել անարժեք խոսքերն ու արտահայտությունները և մեր ողջ էներգիան վատնում ակնհայտորեն դատարկ ու գռեհիկ ձևակերպումներ քննադատելու վրա:
Աղասի Մարգարյան
Orer.am, վերլուծաբան