Պրիմադոննան՝ իրավաբան
AnalysisՕրերս հայկական շոու բիզնեսի երբեմնի պրիմադոննան, այո, այո, նույն ինքը՝ Շուշան Պետրոսյանը, կրկնեց իր պատրաստակամությունն առ այն, որ պատրաստ է շարունակել հանել բոլոր նրանց աչքերը, ովքեր վատ բան կասեն բանակին կամ նախարարին: Տեքստն անիմաստ չծանրաբեռնելու համար սույն թատերա-բեմա-քաղաքա-իրավական գործչի գոհարներն ամբողջությամբ չենք մեջբերի: Խնդիրն այստեղ այդ միտքն արտահայտելը չէ, խնդիրն այստեղ նման միտք արտահայտելու սոցիալական և քաղաքական հիմքերն են, որոնք կարծես թե նա ունի:
Մինչ բուն նյութին անցնելը, նախ` կուզենայի մեկ հարցադրում հղել առ այն, թե արդյոք Շ. Պետրոսյանը վճարվում է ՊՆ իրավաբանական բաժնի կողմից հայրենասեր փաստաբանի ծառայություններ կատարելու համար: Եթե ոչ, ապա անհրաժեշտ է հաստիք ստեղծել, ասենք Բարի կամքի դեսպանի օրինակով, բայց կոչվի Աչք հանողների հատուկ գումարտակ: Այն, որ քննադատություն բանակի կամ գոնե այդ կառույցի պատասխանատուների հասցեին կարող է հնչել ու հատկապես մարդկանց հուզական վիճակում, բնական է:
Վերանանք հայրենասիրական կեղծ պաթոսից, զի, ինչպես կասեր դասականը, հայրենասիրությունը յուրաքանչյուր սրիկայի վերջին հանգրվանն է: Պետական բյուջեից ամենաշատ հատկացումները բաժին են հասնում այս ոլորտին և, բնականաբար, որտեղ գումարը շատ է, այնտեղ կոռուպցիան ավելի շատ կլինի: Սա տիպական է հայաստանյան միջավայրին և անելով այս պնդումը, նոր գյուտ չենք անում: Իսկ իրողության վերաբերյալ բնակչության վերաբերմունքը հուզական է, քանի որ գործ ունենք մարդկային կյանքի՝ 18 և ավելի բարձր տարիքի երիտասարդ տղաների կյանքի հետ: Հայաստանում բոլոր ոլորտներում կա կոռուպցիա, սակայն նույն կրթական համակարգում առկա կոռուպցիան կարող է այդքան հուզական չընկալվել, որքան բանակում առկա կոռուպցիան:
Իհարկե, խոսելով այս մասին, չենք փորձում ուղիղ գիծ կամ հավասարության նշան դնել բանակային կոռուպցիայի և սահմանում զոհվածների միջև: Հասարակությունը նման վերաբերմունք է դրսևորում, որովհետև տեղեկացված է վերին էշելոններում տիրող իրավիճակի և հեքիաթային ունեցվածքի մասին: Իսկ այստեղից էլ բնական է հուզական վիճակի վերաբերմունքը: Սահմանում զոհված զինվորը, կապ ունենա թե չունենա այդ արատավոր համակարգի դրսևորումների հետ, շարքային բնակիչը կամ օգտատերը քննադատելու է այդ համակարգը, քանզի նա իրերի ուղուն նայում է համակարգային դիտանկյունից: Այն, որ խնդիրները բազում են, կարծես ոչ ոք չի էլ փորձում հերքել, բայց անհասկանալի է նման սուր ձևակերպումներով և լայն լանջով փորձել Հունան Ավետիսյան խաղալ, երբ ինքդ էլ գիտես իրականությունը: Իհարկե, կարող է լինել համակրանք այս կամ այն նախարարի անձի նկատմամբ, բայց չի կարելի այդ համակրանքը դրսևորել այլոց հրապարակային ստորացնելու, վիրավորելու կամ սպառնալու միջոցով: Այստեղ մենք չենք խոսի բանակային կոռուպցիայի կամ միջոցների մսխման ուղիղ կապի մասին:
Օրինակները բազում են: Իհարկե, եթե միջոցները ծառայեն ճիշտ նպատակին, զոհերի թիվը ևս կնվազի, բայց ... Իսկ ինչո՞ւ է նման կերպ արտահայտվում օրենսդիր երգչուհին և շարունակում պնդել իր ոչ այնքան իրավական կարծիքը: Այս հարցի պատասխանը պարզից էլ պարզ է: Մթնոլորտն է անպատժելի: Եթե նրա նախորդ դարակազմիկ հայտարարությունից հետո լիներ համապատասխան վերաբերմունք, ապա նա չէր էլ փորձի իր այդ մտքերը շաղ տալ որտեղ պատահի: Բայց քանի չկա նման վերաբերմունք և կա ընտրյալների դաս, որոնց մասնիկ է նաև վերոնշյալ անձը, ապա իրավիճակ չի փոխվելու: Վաղուց հասունացել է պահը այնպիսի իրավական եզրույթից, ինչպիսին է պատգամավորական «անձեռնամխելիություն կոչվածը», հրաժարվելու համար: Այդ մեղքի թույտվությունից հրաժարվելու պարագայում համոզված եմ, որ երբ նույն պատգամավորները, մնացած շարքային քաղաքացիների նման հայտնվեն դատական քաշքշուկներում, իսկ այստեղ էական չէ, թե կպատժվեն, թե ոչ, զի հայկական դատական համակարգի առջև հայտնվելն արդեն պատիժ է, կզսպեն յուր սեռական հակումները և մազոխստական ձգտումներն այստեղ-այնտեղ բարձրաձայնելուց: Այդժամ այլ կլինի բոլորիս բանը և աշխարհքի բանը:
Վահրամ Թոքմաջյան
Orer.am, վերլուծաբան