Կան նաև ոչ պատեհապաշտ ՀՀԿ-ականներ
AnalysisԵս զարմանում եմ, թե ինչու են մեր երկրում մարդիկ պայքարում ՀՀԿ-ի դեմ, ինչու են ուզում, որ ՀՀԿ-ն չլինի: Ախր առանց ՀՀԿ-ի ո՞նց ենք մեր օրն անցկացնելու, ո՞ւմ մտքի թռիչքներով ենք բարձրացնելու մեր տրամադրությունը տխուր պահերին կամ ում անկեղծություններով ենք հիանալու: Այ, մանավանդ անկեղծանալու պահը հանրապետականների մոտ ամենալավն է ստացվում, ուղղակի մրցակից չունեն: Իրենք նույնիսկ ընդդիմության կարիք էլ չունեն, որ իրենց թերությունները բարձրաձայնի, քանի որ մեր հանրապետականներն իրենք են այդ գործն անում, ամեն ինչ խոստովանում են, այն էլ բավականին համարձակ կերպով:
Օրինակ՝ Գագիկ Մելիքյանը բավականին կարկառուն ՀՀԿ-ական է և ի՞նչ է ասել այսօր իրենից հարցազրույց վերցնող լրագրողին. ասել է, թե ցանկացած քաղաքական ուժի ներսում, այդ թվում՝ ՀՀԿ-ում, կարող են լինել պատեհապաշտներ, որոնց գործունեությունը կարող է ստվերել քաղաքական ուժի նկատմամբ վստահությունը:
Ախր ուրիշ ո՞վ կարող էր այսքան անկեղծ լինել, եթե ոչ ՀՀԿ-ականը: Այո´, ճիշտ է պարոն Մելիքյանը, ՀՀԿ-ում պատեհապաշտներ կան, շատ են, բայց մի բանում չեմ կարող համաձայնել պատգամավորի հետ. այդ պատեհապաշտները շատ-շատ են, բայց նրանք չեն կարող ստվերել ՀՀԿ-ի նկատմամբ վստահությունը, որովհետև վստահություն՝ որպես այդպիսին, չկա էլ, այն վաղուց արդեն ստվերված է, ստվերների տակ թաղված:
Եվս մի բան պիտի ավելացնեմ պատգամավորի ասածին զուտ օբյեկտիվության համար, որ հանկարծ տպավորություն չստեղծվի, թե ՀՀԿ-ում բոլորն են պատեհապաշտ: Ո´չ, ամենևին, բոլորը չէ: Կան նաև ոչ պատեհապաշտ ՀՀԿ-ականներ: Վստահ եմ՝ կլինեն:
Անդրանիկ Բարսեղյան
Orer.am, վերլուծաբան