Ես ու Շմայսը սենց բան ասեինք՝ ջայնամ, բայց Հակոբ Հակոբյան, դու, կուլտուրական մարդ ...
AnalysisՇարունակվում են ՀՀԿ-ականների անկեղծությունները. Կարծես թե ներքին մրցակցություն է սկսվել, թե ով ավելի շատ կանկեղծանա. Միգուցե այդպես միավորնե՞ր են հավաքում, ասենք 2017-ի համամասնական ցուցակում անցողիկ տեղ ստանալու համար: ՀՀԿ-ականների դեպքում նույնիսկ դա է հնարավոր, որովհետև այսպիսի մրցավազքում տրամաբանություն ուղղակի չեմ տեսնում: Դե, Գալուստ Գրիգորիչը, գիտենք, որ սիրում է անկեղծանալ, «բոցեր» անել, լսում- ուրախանում ենք, բայց դա վաղուց արդեն զարմանալի չէ, դա սպասելի է, Գրիգորիչը լիովին կանխատեսելի է:
Իսկ այ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը... ինչպես Սեդրակ Սարոյանը կասեր, «Ես ու Շմայսը սենց բան ասեինք՝ ջայնամ, բայց Հակոբ Հակոբյան, դու, կուլտուրական մարդ...»: Այո, իսկապես Հակոբ Հակոբյանը, ի տարբերություն շատ այլ ՀՀԿ-ականների, միշտ աչքի է ընկնում իր կոռեկտությամբ, կիրթ ու գրագետ խոսելաոճով, նաև մտածված խոսելով: Բայց այս անգամ մարդը որոշեց անկեղծանալ, երևի տեսավ՝ կուսակիցները մրցավազքի մեջ են, որոշեց ինքն էլ հետ չմնալ և իր ուժերն էլ փորձել: Ու խոսեց վերարտադրվելու մասին:
Հիշում եք չէ՞՝ վերջին մի քանի ամիսը անընդհատ այդ թեման էր և դա հնչում էր որպես մեղադրանք ՀՀԿ-ի հասցեին: Նոր սահամանդրությունը համարում էին ՀՀԿ-ի վերարտադրվելու միջոց ու երբ ասում էին «վերարտադրվել», հասկանում էին «ՀՀԿ», երբ ասում էին «ՀՀԿ», հասկանում էին «վերարտադրվել»: Կարծես հազիվ մի քիչ հանդարտվել էր այդ թեման, բայց կուսակցության ներկայացուցիչը նորից շրջանառության մեջ դրեց՝ կայքերից մեկին ասելով, թե «Եթե դուք մտածում եք, որ մենք՝ հանրապետականներս, մտածում ենք Դաշնակցության վերարտադրության մասին, կարծում եմ՝ ճիշտ չէ տրամաբանությունը: Դաշնակցությունը պետք է մտածի իր վերարտադրության մասին, մենք մտածում ենք մեր վերարտադրության մասին»:
Բրավո: Իսկապես խոսքերն ավելորդ են, այսպիսի անկեղծությունը և ազնվությունը պարզապես գնահատել է պետք: Այո´, միանգամայն իրավացի է ՀՀԿ-ական պատգամավորը՝ ՀՀԿ-ն մտածում է միայն իր վերարտադրության մասին: Մտածում է ու վերարտադրվում:
Անդրանիկ Բարսեղյան
Orer.am, վերլուծաբան