Գազային հանձնաժողովի առաջարկներն ու դրանց չարձագանքը
SocietyOrer.am-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, գազային հանձնաժողովի անդամ Միքայել Մելքումյանի հետ զրուցեց գազի սպառողների իրավունքների ու այսօրվա գազի բարձր սակագնի վերաբերյալ: Անդրադառնալով դեկտեմբեր ամսին սպառողների հաշվիչների վրա հայտնված աստղաբաշխական թվերին՝ Մ. Մելքումյանն ասաց. «Սպառողն իրավունք ունի ստուգաչափական աշխատանքներ իրականացնել՝ դիմելով համապատասխան բաժին: Ինչ վերաբերվում է գազի գնի իջեցմանը, ապա ես ասել եմ, որ մինչեւ 20% հնարավոր է իջեցնել գինը սահմանի վրա: Եթե վերջնական սպառողին հանձնելու մասին է խոսքը գնում, ապա պետք է հաշվարկել ծախսերը, կորուստները, շահագործման ու պահպանման ծախսերը, այսինքն՝ այդ բոլորը մենք պետք է օպտիմալացնենք, նոր վերջնական խոսք ասենք՝ գնի հետ կապված»:
Պատգամավորը նաեւ նշեց, որ թեպետ գազային հանձնաժողովն իր առաջարկները վաղուց է արել, սակայն դեռ որեւէ արձագանք չկա: «Մեզանից հասնում է իրատեսական առաջարկներ անել գազի սակագնի իջեցման մասով, մնացածն արդեն մեր գործը չէ: Գազային հանձնաժողովով տվել ենք առաջարկները՝ կապված սահմանի գնի, շահութաբերության, կորուստների եւ այլնի հետ, սակայն մինչ օրս քայլեր չեն ձեռնարկվել»,-ասաց Մ. Մելքումյանը:
Սոսե Չանդոյան