Ընդդիմադիր պոպուլիզմ
AnalysisԸնդդիմության միավորման մասին կոչերն ու լուզունգները Հայաստանում ունեն ավելի քան 20 տարվա պատմություն: Ընդ որում՝ միավորման հայտարարությունները հնչում են Հայաստանում գոյություն ունեցած և ունեցող բոլոր ընդդիմությունների ու ընդդիմադիրների կողմից: Սակայն բոլոր այդ միավորման կոչերում մշտապես առկա է մի նրբերանգ՝ միավորման կոչով հանդես եկող ցանկացած ուժ ենթադրում է միավորում միմիայն իր շուրջ: Հենց այս սկզբունքի հետևանքով միավորման ցանկացած կոչից առաջ և հետո ընդդիմադիր ուժը զարմանալի ջանասիրությամբ հայհոյում է քարկոծում է մյուս ընդդիմադիր ուժերին:
Այստեղ մենք գալիս ենք ամենակարևոր կետին՝ հայաստանյան ներկայիս վարչակարգի դեմ պայքարելու համար ընդդիմությանը միավորում պետք չէ, բավական է միայն, որպեսզի ընդդիմությունը լինի ընդդիմություն, ընդդիմությունը դառնա համակարգ, քանի որ նրա պայքարի թիրախը համակարգն է, որի դեմ կամ որի հետ հնարավոր չէ հատվածային պայքար մղել:
Քանի դեռ հայաստանյան ընդդիմադիր դաշտում չկա այս համակարգային գիտակցությունը, ընդդիմադիր պայքարը լինելու է սոսկ հռետորության, միմյանց և իշխանությանը հայհոյելու սահմաններում: Միավորման կոչերն այստեղ իրավիճակ չեն փոխելու, քանի որ մնալու են միայն կոչ և ավելին, միավորման կոչով հանդես եկող քաղաքական ընդդիմությունը ապահովագրում է իր պարտության արդարացումը՝ հիշեցնելով, թե ինչպես մյուս՝ վատ ընդդիմությունները չլսեցին իրենց և չմիավորվեցին:
Սա արդեն ավանդական դարձած պոպուլիզմն ու դեմագոգիան է, որը ցավալիորեն դարձել է հայաստանյան ընդդիմության երբեմն միակ գործելաոճը: Եթե այս մտածողությունը չի փոխվում, ուրեմն նախ՝ ընդդիմությունը երբեք չի կարող հասնել հաջողության, ապա՝ Հայաստանին պետք չէ նման ընդդիմություն, քանի որ դեմագոգիայի պարագայում ընդդիմությունը հավասարվում է իշխանությանը և անգամ իշխանափոխության պարագայում իշխանության եկած ընդդիմությունը որակական առումով չի տարբերվելու առկա իշխանությունից:
Աղասի Մարգարյան
Orer.am, վերլուծաբան