Շուտով գարուն է. 2016-ի գարնան ամենանորաձև գույները (լուսանկարներ)
LifestyleՇուտով գարուն կգա, ու մեր օրերը կլցվեն գույներով: Այս օրերին էլ, երբ դեռ փետրվարն ենք գլորում, փողոցում դաշտային ծաղիկներ վաճառող տատիկներն ու պապիկները մեզ գարնան գալուստն են ավետում, իսկ ձնծաղիկների վառ գույները անսահման տրամադրություն են փոխանցում:
Գույների ոլորտում առաջատար հետազոտական կենտրոնը՝ Pantone-ն, զբաղվում է կյանքի տարբեր բնագավառներում գույների ազդեցության ուսումնասիրությամբ, ամեն տարի թարմացնում է գույների ու երանգների վարկանիշը, ներկայացնում այն գույների ցանկը, որոնք գերիշխող են լինելու նորաձևության արդյունաբերության, գովազդի, տպագրության, ինտերիերի դիզայնի և այլ ոլորտներում: Կենտրոնի մասնագետները անկասկած հաշվի են առնում սեզոնի թրենդները, բոլոր եղանակների գունային առանձնահատկությունները և այլ գործոններ:
2016 թվականի գարուն-ամառ սեզոնի համար ոլորտի փորձագետներն առաջարկում են զերծ մնալ մաքուր գույներից` կապույտից, կարմիրից, սպիտակից: Նրանք ճանապարհը կզիջեն այն երանգներին, որոնք ստացվել են հիմնական գույներից և տարբերվում են սառը և առկայծող նոտայով: Այս գարնան հիթը կդառնա վարդագույնի նուրբ ու սառը երանգը: Այն պատկանում է չեզոք, պաստելային կատեգորիային և սազում է գործնականորեն մաշկի ցանկացած գույն ունեցող կանանց:
Վարդագույնի ավելի տաք տարբերակն է դեղձի գույնը: Այն համարվում է միջանկյալ գույն նարնջագույի և վարդագույնի միջև և պատկանում է պաստելային տաք երանգների կատեգորիային: Սակայն, ի տարբերություն դասական նարնջագույնի, այն չի հակադրվում մաշկի երանգի հետ: Դեղձի գույնը` կախված հագեցվածության աստիճանի, կարող է լինել երեկոյան կամ ամենօրյա: Այդ ազնվական երանգը հանգիստ կգտնի իր տեղը նաև հարսանեկան նորաձևության մեջ: Հարսնացուները, որոնք ձանձրալի են համարում դասական սպիտակ գույնը, իսկ սառը վարդագույնով վախենում են զեֆիրով տորթի տեսք ունենալ, կարող են ընտրել դեղձի գույնը, որը նրանց համար հիանալի այլընտրանք կարող է դառնալ: Դեղձի գույնի ավելի գունատ երանգները կարող են լինել գրեթե մարմնագույն` զգեստին հաղորդելով անսովոր հմայք ու նրբագեղություն: Նման զգեստի հետ տեղին կլինի կրել ոսկյա կամ բրոնզե զարդեր: Դեղձի գույնը կարող է հանդես գալ միայնակ ու լինել շատ ինքնուրույն, բայց նաև հիանալի ներդաշնակություն է ստեղծում գրեթե բոլոր գույների հետ: Այն կերպարը դարձնում է վառ ու գրավիչ:
Իսկ Դուք ստեղծեք Ձեր տրամադրության գույնը ու դիմավորեք գարունը:
Ահա մի քանի նորաձև լուք Orer.am–ից, որ, անկասկած, կոգեշնչի Ձեզ՝ լինել առավել նորաձև:











Պատրաստեց Լիանա Կարապետյանը