Ինչպիսի կոշիկներն են նորաձև այս գարնանը, և ինչպես համադրել զգեստի հետ (լուսանկարներ)
LifestyleԹեթև գործվածքներից կարված զգեստները, որոնց անվանում են նաև օդային զգեստներ, այսինքն այն տարբերակները, որոնք հեշտությամբ տատանվում են նույնիսկ մեղմ քամուց, գեղեցիկ համադրություն են կազմում հատկապես բաց կոշիկների հետ : Շիֆոնից կամ բատիստից պատրաստված զգեստներն ավելի լավ են նայվում բարակ, բարձր կրունկներով բաց կոշիկների հետ : Ընդհակառակը, հաստ ու ծանր կտորներից կարված զգեստներին լիովին հակացուցված են նեղ ձևվածք ունեցող և բարակ ու բարձր կրունկներով կոշիկները : Այդպիսի զգեստները ներդաշնակ կլինեն պարզ կոշիկների հետ` ոչ շատ բարձր և լայն կրունկով : Որքան հաստ ու ամուր է գործվածքը, որով կարվել է զգեստը, այնքան փակ պետք է լինեն կոշիկները, որոնք ընտրված են այդ զգեստի հետ կրելու համար : Բրդից կամ ամուր մետաքսից կարված զգեստների հետ ժամանակակից դիզայներները խորհուրդ են տալիս կրել փակ ծայրով կոշիկներ : Որքան էլ տարօրինակ է, սակայն պետք է ասել, որ փոխկապակցման մեջ են նաև կոշիկի կրունկը և զգեստի կտորը : Ինչքան հաստ է ու ամուր զգեստի համար ընտրված կտորը, այնքան ավելի հաստ ու ամուր, ցածր ու լայն պետք է լինի կոշիկի կրունկը :
Նորաձևության սիրահարները ստիպված չեն լինի կրել բարձրակրուկներ, բավական կլինի փոքրիկ, մինչև 5 սմ կրունկը: Դրանք չափազանց հարմար են, կարելի է գնալ և՛ զբոսնելու, և՛ աշխատանքի և՛ ժամադրության: Այս սեզոնին հատուկ ուշադրության են արժանացել կոշիկների կրունկները: Որքան հնարավոր է տարօրինակ, թափանցիկ կամ զարդարված, բայց դասական տարբերակը հաստ կրունկներն են: Կարճ կիսաշրջազգեստների համար ցանկալի է ընտրել նրբաճաշակ, կիսով չափ բաց, որևէ զարդով ձևավորված կոշիկներ : Իսկ, օրինակ, երկար փեշերով զգեստի հետ անպայման պետք է համադրել կայուն, հաստ կրունկներով կոշիկներ : Բարակ ու երկար կրունկներն այս դեպքում ավելորդ կլինեն : Եթե կասկածներ ունեք և չեք կարողանում կողմնորոշվել գույնի ընտրության հարցում, ավելի լավ է ընտրել սև կոշիկներ : Պետք է հաշվի առնել, որ բարձրակրունկ կոշիկների վրա ծանրության կենտրոնը տեղափոխվում է, ինչի հետևանքով քայլվածքի ձևը փոխվում է : Գեր աղջիկներին սազում են բարձր, բայց միջին հաստության կրունկով կոշիկներ : Բարակ կրունկները անհամաչափության տպավորություն կթողնեն և գեղեցիկ չեն նայվի:
Orer.am-ը ներկայացնում է այս գարնան նորաձև, նրբաճաշակ կոշիկները մեկ ֆոտոշարքում:





















Պատրաստեց Լիանա Կարապետյանը