«Բարեփոխումների քամին»
AnalysisԴավիթ Հարությունյանը հայտարարում է, որ ցանկացած ձևաչափով համաձայն են բանակցել ու ընդդիմության հետ քննարկել Ընտրական օրենսգիրքը, սակայն, պարզվում է, որ Դավիթ Հարությունյանը մոռանում է նշել, որ քննարկման ենթակա չեն ընտրությունների կեղծումը երաշխավորող կետերը՝ ցուցակների հրապարակում, տեսախցիկներ տեղամասերում և այլն։ Հասկանալի է, որ Դավիթ Հարությունյանը պատահմամբ չի մոռանում դա նշել, քանի որ հակառակ դեպքում վարչակարգն ուղղակիորեն կփորի իր փոսը։
Ըստ էության, Ընտրական օրենսգրքում տեղ գտած մյուս բոլոր լավ ու վատ կետերն էական նշանակություն չունեն, քանի դեռ չեն հրապարակվելու ընտրացուցակները։ Ամենայն հավանականությամբ, ԶԼՄ-ների, դիտորդների իրավունքները սահմանափակող կետերն ավելի շատ ուշադրություն շեղող նշանակություն ունեն և հնարավոր է, որ ներկայում ընթացող քննարկումների արդյունքում նշված կետերը վերանայվեն։ Սակայն արդյոք այդ կետերի փոփոխությունը կերաշխավորի առավել թափանցիկ ու արդար ընտրությունների անցկացումը։ Ամենայն հավանականությամբ, ոչ, քանի որ տարիներ շարունակ ստեղծված իրավիճակում ընտրությունների իրական պատկերը հնարավոր է ստանալ միայն ընտրացուցակների հրապարակմամբ։ Կգնա՞ այդ քայլին ներկայիս իշխանությունը, կրկին, ոչ։
Իսկ սա նշանակում է այն, ինչը բոլորս գիտենք՝ առկա վարչակարգը ո´չ ցանկություն, ո´չ էլ նպատակ ունի իրագործել իրենց իսկ կողմից հայտարարաված բարեփոխումները։ Եվ ընդհանրապես, կարծում ենք, որ պարզ է, որ մարտի 1-ի, օլիգարխների ու օլիգարխիկ կլանների, քրեական տարրերի ու թաղային հեղինակությունների վրա հիմնված վարչակարգը չի կարող քայլեր կատարել իր դեմ։
Շատերը կնշեն, թե վարչակարգն ապահովում է իր վերարտադրությունը, Սերժ Սարգսյանի իշխանության ղեկին մնալը և այլն։ Իրականում, սակայն, խնդիրը շատ ավելի վատթար է։ Իշխանությունը բոլորովին էլ չի վերարտադրվում, քանի որ վերարտադրության գործընթացում հենց վարչակարգի ներսում կարող են ծնվել վարչակարգի էությունից դուրս գտնվող ուժեր ու երևույթներ, վարչակարգն ուղղակի երկարացնում է իր գոյության ժամկետը, այլ կերպ ասած՝ ներկայիս իշխանությունները կամ վարչակարգը 2008 թվականի մարտի 1-ից ի վեր ցանկացած գնով ու միջոցով փորձում է երկարացնել իր կենսունակաությունը։ Այս գործընթացում իշխանությունը ևս վատնել է իր ռեսուրսները, ինչպես ընդդիմությունը։ Սակայն, ի տարբերություն ընդդիմադիր ճամբարի, որտեղ արդեն իսկ ձևավորվում են որակապես նոր ուժեր՝ անկախ նրանից , որ վերջիններս դեռևս բավական թույլ են, իշխանությունը իր նորացումը փորձում է կատարել Դաշնակցության հետ կոալիցիայով։
Բոլոր այս քննարկումնների ու այսպես կոչված փոփոխությունների ֆոնին ինչ ձևախեղումների կենթարկվի առկա վարչակարգը, դժվար է ասել, քանի որ ներկայիս ընդդիմության բավական աննախանձ վիճակում վարչակարգի ու Սերժ Սարգսյանի պայքարի թիրախը տեղափոխվել է վարչակարգի ներս և, ըստ էության, առկա իշխանության կամ Հանրապետական կուսակցության հիմնական խնդիրը գտնվում է հենց կուսակցության ներսում, ինչը շատ ավելի վտանգավոր է, քան հայաստանյան բոլոր ընդդիմությունները միասին վերցրած։
Աղասի Մարգարյան
Orer.am, վերլուծաբան