Մասնագետները Երևանում կքննարկեն մաթեմատիկական կրթության արդիականացման հարցը
SocietyԲուհերում դասավանդող գերմանացի, ֆրանսիացի, ֆինն, վրացի և հայ մաթեմատիկոսները մարտի 14-16-ը Երևանում կքննարկեն մասնագիտական մաթեմատիկական ուսուցման կազմակերպման և դասընթացների ծրագրերի արդիականացման հարցեր: Այս մասին Orer.am-ին տեղեկացնում է ՈԱԱԿ-ի մամուլի ծառայությունը:
ՏԵՄՊՈՒՍ-ի MathGeAr ծրագրի շրջանակում տեղի կունենա «Հարավային Կովկասի համալսարանների ճարտարագիտական և բնական գիտությունների մաթեմատիկայի ուսումնական ծրագրերի արդիականացումը ժամանակակից կրթական տեխնոլոգիաների ներդրման միջոցով» թեմայով կոնֆերանսը: Միջոցառման կազմակերպիչներն են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը և Երևանի պետական համալսարանը: Եռօրյա համաժողովի ընթացքում անդրադարձ կկատարվի մաթեմատիկական ծրագրերի կիրառական բաղադրիչներով հարստացմանը ճարտարագիտական, բնական և համակարգչային գիտությունների ուսանողների համար, կիրականացվի Հայաստանի, Վրաստանի և եվրոպական համալսարանների տեխնիկական կրթության մաթեմատիկական ծրագրերի համեմատական վերլուծություն, կգնահատվեն Հայաստանի և Վրաստանի համալսարաններում արդիականացված դասընթացները, ինչպես նաև եվրոպական համալսարաններում փոխանակման ծրագրերով սովորած հայ և վրացի ուսանողները կներկայացնեն ուսումնառության իրենց փորձը: Մասնակիցների համար նաև Math-Bridge-ի օգտագործման վերապատրաստումներ կիրականացվեն: Math-Bridge-ը բարձրագույն մաթեմատիկայի դասավանդման առաջին համաեվրոպական միասնական օնլայն հարթակն է, որտեղ հազարավոր դասընթացների ծրագրեր, ուսումնական նյութեր և միջոցներ հասանելի են յոթ լեզվով` ընտրության լայն հնարավորություն ստեղծելով դասախոսների և ուսանողների համար: MathGeAr ծրագրի շրջանակում առաջիկայում հարթակը կհամալրվի նաև հայալեզու և վրացալեզու բովանդակությամբ: MathGeAr-ը Հարավային Կովկասի համալսարաններում STEM մասնագիտությունների համար (բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) մաթեմատիկայի դասավանդման ծրագրերի արդիականացմանը միտված եռամյա ծրագիր է (2013-2016):
Ծրագրի նպատակն է բարելավել STEM մասնագիտությունների ուսուցումը՝ արդիականացնելով մաթեմատիկայի բնագավառի կրթական և առարկայական ծրագրերի բովանդակությունը և ուսուցման կիրառվող մեթոդները: Արդյունքում կներդրվեն համադրված ուսուցման նոր սկզբունքներ և տեխնոլոգիաներ՝ կիրառելով ազգային և եվրոպական լավագույն փորձը մաթեմատիկայի բնագավառում նոր ու ժամանակակից դասընթացների մշակման համար: Համաժողովի առաջին օրվա միջոցառումները տեղի կունենան ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում, իսկ 2-րդ և 3-րդ օրերի աշխատանքները` ՈԱԱԿ-ում: