Սբ Զորավոր եկեղեցու բակի տոնական սեղանը զարդարել էին երեխաները
SocietyԵրեկ՝ Սուրբ Զատկի օրը, Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող Մանկապատանեկան գեղագիտական դաստիարակության կենտրոնի փոխտնօրեն Նարինե Սայադյանը Orer.am-ի հետ զրույցում ասաց, որ Սբ Զորավոր եկեղեցու բակում տեղադրված տոնական սեղանը զարդարված է իրենց կենտրոնի սաների ձեռքի աշխատանքներով: Սեղանի կենտրոնում տեղադրված Կենաց ծառի ճյուղերից կախված էին մանուկների կողմից պատրաստված օրվա խորհրդին համահունչ տարբեր պատկերներով «ձվիկներ»:

«Ձեռքի աշխատանքները պատրաստված են ստվարաթղթից և այլ նյութերից, փորագրություններ նույնպես կան: Յուրաքանչյուրն ինչպես պատկերացրել է Զատկի տոնը, այդ պատկերացումների համապատասխան էլ պատրաստել է իր ձեռագործ աշխատանքը»,- ասաց Ն. Սայադյանը:
Նրա խոսքով՝ մինչ ձեռքի աշխատանքները պատրաստելը կենտրոնում կազմակերպվել են թեմատիկ դասեր, քննարկումներ, որից հետո յուրաքանչյուրն իր ցանկությամբ սկսել է ձևավորել իր աշխատանքը: «Կենտրոնում ավելի մեծ Կենաց ծառ ունենք, բայց այն չէինք կարող բերել: Ընդհանուր առմամբ, այս թեմայով 100-ից ավելի աշխատանք ունենք, բայց ներկայացրել ենք մոտ 30-ը»,- ասաց կենտրոնի փոխտնօրենը:
Ի դեպ, տասնամյա կենսագրություն ունեցող կենտրոնում գործում են թատերական, փայտի գեղարվեստական մշակման և պարի խմբակներ, ուր ընդհանուր առմամբ հաճախում է 130 երեխա:
Արմինե Գրիգորյան