Դեբեդի հենապատը փլուզման եզրին է
Society«Օրհուս» կենտրոնի և Ալավերդու ակտիվ երիտասարդների մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ Ալավերդի քաղաքի տարածքով հոսող Դեբեդ գետի ափի բետոնե հենապատի 280 մետրից ավելի երկարությամբ հատվածը գրեթե փլուզման եզրին է: Այն կառուցվել է խորհրդային տարիներին և 50-ից ավելի տարիների պատմություն ունի: Կենտրոնը խնդրի մասին տեղեկացրել է Ալավերդու քաղաքապետարանին և բազմաթիվ քննարկումներ անցկացրել քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի հետ: Հենապատը համայնքի բյուջեի միջոցներով վերականգնել հնարավոր չէ, իսկ հարցն անուշադրության մատնելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ ոչ միայն Ալավերդու, այլև հարակից բնակավայրերի համար:

Ի դեպ, Դեբեդը Հայաստանի ամենաջրառատ գետն է և գարնանային վարարումների հետևանքով հեղեղումներ է առաջացնում: Այնպես որ, Դեբեդ գետի հենասյան հարցն առավել քան հրատապ է, քանի որ այդ վարար գետի հոսքը կարող է առավել նպաստել հենապատի խարխլմանը, հատկապես գարնանը սպասվող վարարումների ժամանակ:
Ալավերդու «Օրհուս» կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանը Orer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հարցի մասին մարտի 20-ին տեղեկատվական հարցում է ուղարկել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացել: «Մեր նպատակը խնդրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումից և տարածումից բացի, նաև կառավարության ուշադրությանն արժանացնելն է և պետական մոտեցում հայցելը: Հուսանք, որ պատասխանը չի ուշանա»,- ասաց Ա. Էվոյանը:
Արմինե Գրիգորյան