Ես եղբորս հողը ո՞նց կվերցնեմ, կտամ Իշխան Զաքարյանին. Ա.Վարդանյան
InterviewOrer.am-ին հասած տեղեկությունների համաձայն` Գառնու գյուղապետարանը ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին մոտ մեկ հեկտար հողատարածք է հատկացրել, որը պատկանում է Արայիկ Հաբեթյանին, սակայն վերջինս վերևների հետ խնդիրներ չունենալու պատճառով որոշել է լռել ու չբողոքել նույնիսկ Գառնու գյուղապետին: Ստացված տեղեկությունը ճշտելու համար Orer.am-ը նախ՝ զրուցեց Գառնի գյուղի բնակիչ Արայիկ Հաբեթյանի հետ, ով հաստատեց լուրը՝ նշելով, որ իրեն պատկանող հողատարածքն անցյալ տարվա աշնանը ինչ-որ մարդիկ վարել են և իր տեղեկություններով՝ դրանք Իշխան Զաքարյանի կողմից ուղարկված մարդիկ են եղել: Նա նշեց նաև, որ թեև մինչ օրս հողի սեփականության վկայական չի ստացել, սակայն հողերի սեփականաշնորհման ժամանակ, երբ ժամանակին հողաբաժանում է եղել, այդ հողատարածքը փաստաթղթով իր անունով է ձևակերպվել: «Այն ժամանակ այդ հողատարածքում ծառեր կային, մշակում էինք, բայց հետագայում ջրի խնդիր եղավ, ծառերը չորացան: Ծառերը մեր համագյուղացիներից մեկը կտրեց, տարավ վառեց, բայց հողը մերն էր»,- ասաց Ա. Հաբեթյանը:
Նա նշեց նաև, որ իր տեղեկություններով այդ հողը դեռևս ոչ մեկին չեն տվել և Իշխան Զաքարյանի մարդիկ գյուղտեխնիկայով իր հողակտորն ընդամենը վարել են, բայց Ա. Հաբեթյանը հարցը պարզելու համար նույնիսկ գյուղապետին դեռ չի դիմել: Orer.am-ն այս անհասկանալի պատմությունը բացահայտելու համար զրուցեց նաև Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանի հետ: Նա մեզ հայտնեց, որ Իշխան Զաքարյանը Գառնի գյուղում ընդհանրապես հող չունի. «Նա գուցե Արարատի մարզում հող ունի, բայց Գառնիի վարչական սահմաններում Իշխան Զաքարյանը հող չունի: Արայիկն իմ եղբայրն է: Ես եղբորս հողը ո՞նց կվերցնեմ, կտամ Իշխան Զաքարյանին: Եվ եթե Արայիկն ունի իր անունով սեփականություն, ապա ուզում է իմ պապն էլ տատուս ձեռից բռնած գա, չի կարող Արայիկի սեփականությունը տալ ուրիշին: Մի´ մտածեք, որ եթե Իշխան Զաքարյանն է, ուրեմն վերջ: Չի կարող տալ, մինչև իր համաձայնությունը չլինի: Ես ասում եմ, պնդում եմ և կարող եմ ապացուցել դա»,- ասաց Գառնու գյուղապետը:
Նրա խոսքով՝ ճշմարտությունն ամեն ինչից վեր է, և անկախ նրանից, թե ում մասին է խոսքը, գյուղապետը չի կարող ուրիշին պատկանող հողը մեկ այլ անձի անունով ձևակերպել առանց տվյալ հողի սեփականատիրոջ համաձայնության: Այս պատմությունից մնում է եզրակացնել, որ, ամենայն հավանականությամբ, Ա. Հաբեթյանին պատկանող հողակտորի հարևանությամբ գտնվող հողն է Ի. Զաքարյանինը, որն արդեն գտնվում է Արարատի վարչական շրջանում: Ինչ վերաբերում է Հաբեթյանին պատկանող հողը վարելուն, գուցե դա բարի կամքի դրսևորում է, որը սխալ մեկնաբանությունների հետևանքով մեկ բաժակ ջրում փոթորիկ է առաջացրել:
Արմինե Գրիգորյան