Գարուն է, թշնամու պոզերը կոտրելու ժամանակն է. Արցախյան ազատամարտիկների միության շենքի դիմաց են հավաքվել բազմաթիվ ազատամարտիկներ
SocietyԻնչպես արդեն տեղեկացրել էինք, հայ-ադրբեջանական եւ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ռազմական բախումները, վիճակը թեպետ համեմատած մյուս օրերի, լարված է, սակայն վերահսկելի:
Այս պահին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում Արցախյան ազատամարտիկների միության շենքի դիմաց են հավաքվել բազմաթիվ ազատամարտիկներ, որոնց թիվը գնալով ավելանում է: Այս մասին տեղեկացնում է Orer.am-ի լրագրողն Արցախից:
Նկատենք, որ հավաքված ազատամարտիկները, ինչպես նաեւ երիտասարդ սերնդի ներկայացուցիչները գրանցվում են որպես կամավորներ՝ հարկ եղած դեպքում առաջին գիծ մեկնելու համար:
Ինչպես Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց ազատամարտիկ Ալեքսանդր Հայրապետյանը, կատվի վազքը մինչեւ մառանն է: «Գարուն է, ու թշնամու պոզերը կոտրելու ժամանակն է: Տարին երկու անգամ պետք է ջարդենք, որ հանգստանան»,- ասաց ազատամարտիկը՝ հավելելով, թե իրենք այստեղ են, որովհետեւ իրենց հոգու կանչն ու հայրենիքի նկատմամբ սերն է ստիպել գալ:

«Ցանկացած վայրկյանի պատրաստ ենք մեկնել առաջին գիծ, այն հատված, որտեղ ուղարկի հրամանատարական կազմը: Ինչպես տեսնում եք, մեր երիտասարդները էստաֆետը վերցնում են, ինչպես մենք մեր պապերից վերցրեցինք: Թշնամին պետք է լավ իմանա, որ այսօր մեր կողքին են կանգնած նաեւ մեր առյուծասիրտ զավակները, ովքեր եւս պատրաստ են հարկ եղած դեպքում կանգնել մեր զինվորների կողքին: Այս գործընթացը այսպես էլ շարունակվելու է»,-ասաց Ալեքսանդր Հայրապետյանը:
Հայ ազատամարտիկի խոսքը միշտ է կյանքի կոչվում, իսկ թշնամու սադրանքները խոցվում են օդում, ինչպես նաեւ ցամաքում:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջերկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծության են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփմանգոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ, անօդաչու թռչող սարք և տանկ:
Սոսե Չանդոյան