Հայկական կողմը միջազգային հարթակներում կներկայացնի ագրեսոր երկրի գործողությունների վերաբերյալ հիմնավոր փաստեր ու ապացույցներ
InterviewՔառօրյա պատերազմի ընթացքում արձանագրված փաստերը՝ խաղաղ բնակչության եւ սահմանը պահող հայ զինվորների, նրանց դիակների նկատմամբ խոշտանգումները վկայում են մեկ բանի մասին՝ թուրքն իր ձեռագիրը չի փոխել:
Քաղաքակրթությունից խոսող եւ հումանիզմի մասին լեգենդներ հյուսող բռնապետական երկրներ Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են վարել հայատյաց քաղաքականություն: Ադրբեջանական կողմն իր հակամարդկային քայլերով խախտեց միջազգային իրավունքի մի շարք նորմեր, որի շուրջ էլ Orer.am-ը զրուցեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ:
«Քառօրյա պատերազմի ռազմական գործողությունների ժամանակ մենք տեսանք, որ ադրբեջանական կողմը՝ նրանց զինուժը, նաեւ վարձկանները տարբեր վայրագություններ են իրականացրել՝ խախտելով միջազգային իրավունքի բազմաթիվ նորմեր՝ սկսած Ժնեւյան կոնվենցիաներից, վերջացրած մարդասիրական իրավունքի տարբեր սկզբունքներով: Այն փաստը, որ այս օրերին ռմբակոծվել են դպրոցներ, շտապօգնության մեքենաներ, վկայում է այն մասին, որ նրանք վայրագության ակնհայտ դրսեւորումներ են իրականացնել: Նրանց քայլերում կան ակնհայտ ագրեսիվության հատկանիշներ, որոնց վերաբերյալ պետք է իրավական գործընթաց սկսել»,- ասաց Հովհաննես Սահակյանը ՝ հավելելով, թե այս օրերի ընթացքում տեղի ունեցածը մեր պատկան մարմինների կողմից հավաքագրվում ու փաստագրվում է:
«Ապացուցողական բազան ընդլայնվում է, դիակները մանրակրկիտ ուսումնասիրվում ու հետազոտվում են, ամենակարեւորն էլ այն է, որ դրանք իրականացվում են Կարմիր խաչի ներկայացուցիչների ներկայությամբ»,- ասաց նա:
Ըստ Հ. Սահակյանի՝ ադրբեջանական կողմի վայրագությունները, անմարդկային դրսեւորումները նման են որոշակի ահաբեկչական խմբավորումների ձեռագրին: «Մենք այս օրերին ականատես ենք եղել նրան, թե ինչպես են «Իսլամական պետության» ահաբեկիչները Սիրիայում գլխատում մարդկանց ու նրանց գլուխները բռնած շրջում՝ այն որպես ձեռքբերում գնահատելով»,- ասում է նա:
Խոսելով նաեւ միջազգային հարթակներում հայկական կողմի անելիքների՝ փաստերի ու տեղի ունեցածի վերաբերյալ ճիշտ կարծիքի ձեւավորման մասին, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշեց. «Նախ՝ այն, որ միջազգային հասարակական կարծիք ձեւավորելու առումով մենք մեծ անելիք ունենք, փաստ է, դրա համար մեր հանձնաժողովն Արցախի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հետ համատեղ նիստ է անցկացրել, որի ժամանակ արձանագրել ու ընդգծել ենք հավաքագրած փաստերը, որոնք հետագայում պետք է կարողանանք պատճառաբանված ու փաստավորված ներկայացնել նաեւ միջազգային տարբեր իրավապահ կազմակերպությունների:
Իրավական գործընթաց սկսելը երկարատեւ աշխատանք է եւ դրանով զբաղվում են մեր մյուս գործընկերները եւ իրավապահ համակարգն ու այն կազմակերպություններն ու անձինք, որոնք ներկայացնում են մեր երկիրը տարբեր կազմակերպություններում: Մենք մեր ձեռքի տակ ունեցած փաստերը պետք է հավուր պատշաճի ներկայացնենք, որ ամբողջ եղելությունն ու տեղի ունեցածը ճիշտ որակավորվի ու գնահատվի: Մենք պետք է անընդհատ խոսենք, ներկայացնենք, ինչու ոչ, նաեւ պայքարենք, որ ճիշտ գնահատականներ հնչեն»,- ասաց Հովհաննես Սահակյանը: