Վերջին շրջանի համախմբումը փաստն է այն բանի, որ մենք կարող ենք համազգային սիրո լուրջ բարձրաձայնում անել. Տեր Նշան քահանա Ալավերդյան
InterviewԵրեկ՝ ապրիլի 23-ին, իրականացվեց Երեւանի Ազատության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ ամենամյա ավանդական երթը. Աշխարհի տարբեր ծայրամասերից Հայաստան այցելած հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երիտասարդներ ու տարեցներ, ոտքով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց հետ տանելով ծաղիկներ, ջահեր ու այն պետության դրոշները, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը: Orer.am-ը զրուցեց երթի մասնակիցներից Նոր Նորք վարչական շրջանի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանի հետ, ով, կարեւորելով Հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը հայ ազգի ու հայրենիքի պահպանման գործում, նշեց. «Մենք պաշտում ենք սերն Աստծո եւ այդ սերն արտահայտում ենք ամենատարբեր ձեւաչափերի մեջ: Հայոց ցեղասպանության ֆոնի մեջ համախմբումը կոչվում է Կոչեմ ապրողաց՝ կանչեմ ապրողներին, որովհետեւ ամեն մեկի հուշը մեզ համար ապրելու նոր կարգախոս է»,- ասաց Տեր Նշան քահանա Ալավերդյանը: «Վերջին շրջանի համախմբումը փաստն է այն բանի, որ մենք կարող ենք համազգային սիրո լուրջ բարձրաձայնում անել ու սրա վառ արտահայտումն այն է, որ երիտասարդներից սկսած, մինչեւ հասուն տարիքի ամենատարբեր մասնագիտությունների մարդիկ, կարող են իրենց տարաձայնությունը թողնել մի կողմ ու համախմբվել համազգային այն մեծ շարժման մեջ, որը կոչվում է հայրենիք ու եկեղեցի, հավատ ու հայրենիք: Այն տեղավորվում է «Վասն հավատոյ, վասն հայրենեաց» ընկալման ընդհանուր ձեւաչափի մեջ: Ես պետք է մաղթեմ, որ մարդիկ Աստծուն աղոթեն, որ մենք իր սիրո մեջ մնանք, իսկ դա նշանակում է սիրել մեկս մյուսին սեփական անձի պես»:
Սոսե Չանդոյան