Կրկին ակտիվացել են հեռախոսով բարեգործության անվան տակ ամսագրեր «վաճառող» կազմակերպությունները
AnalysisԱպրիլյան առաջին օրերին տեղի ունեցած պատերազմական գործողություններից հետո հասարակական կոնսոլիդացիայի ադյունքում ոտքի կանգնեց նաև ողջ հասարակությունը: Դրամահավաքի և մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով ձևավորվեցին տարբեր խմբեր, որոնք իրենց վրա վերցրեցին օգնությունը հավաքելու և այն Արցախ ուղարկելու գործընթացը:
Այս ամենը, իհարկե, դրական է, սակայն ոտքի կանգնեցին նաև պղտոր ջրում ձուկ որսալու հատկություն ունեցող «կազմակերպություններ» կոչվող խմբերը, որոնք տարբեր «բարեգործական ծրագրերի» անվան տակ մարդկանց վզին ինչ-որ ամսագրեր փաթաթելով գումար «աշխատելու» մի քանի տարվա փորձ ունեն:
Orer.am-ի խմբագրությունը վերջին շրջանում նման ահազանգեր է ստանում, սակայն խնդրին անդրադառնում ենք հիմա, քանի որ նման ահազանգերը գնալով ավելանում են, ինչը վկայում է այն մասին, որ այդ խմբերը գնալով ակտիվանում են:
Վերջին ահազանգողը մեզ հայտնեց, որ այս անգամ իրենց տան հեռախոսահամարով զանգահարողն ինչ-որ անանուն խմբագրությունից էր և առաջարկում էր ինչ-որ «Մենուա» ամսագիր գնել: Նրա վրդովված և մերժողական պատասխանն ամենևին էլ չէր կանգնեցրել հեռախոսի այն կողմից տեսականի առաջարկող աղջնակին և նա շարունակել էր պնդել, որ պատրաստ է ձեռքի տակ եղած այլ ամսագրերի ցանկին նույնպես ծանոթացնել:
«Ընդամենը մեկ անգամ, այն էլ մի քանի տարի առաջ մի ամսագիր եմ գնել, քանի որ հեռախոսով ասացին, որ անբուժելի հիվանդությամբ տառապող մի փոքրիկի բուժման համար գումար են հանգանակում, բայց հետագայում հեռուստատեսությամբ մի ռեպորտաժից տեղեկացա, որ շատերը նման ձևով փորձում են մարդկանց խաբել ու գումար վաստակել: Այդ է պատճառը, որ այլևս նման հեռախոսազանգերից շատ եմ վրդովվում և զանգահարողներին ասում եմ, որ այլևս իմ համարով նման առաջարկի համար չզանգահարեն: Բայց դրանց վերջ չկա, օրը մեկը զանգահարում է: Հոգնել եմ արդեն բացատրելով, որ ինձ ամսագիր պետք չէ»,- վրդովված ասում էր տիկին Աննան:
Հետաքրքիր է, արդյո՞ք ամեն մեկն իրավունք ունի հեռախոսի «գիրքը» վերցնելու ու տարբեր համարներով զանգահարելով տարբեր ապրանքներ առաջարկելու: Չէ՞ որ մարդիկ, ովքեր առանց այդ էլ մի կերպ են կարողանում գոյատևել, անընդհատ ստիպված են այս կամ այն զանգահարողին բացատրել, որ իրենք փող չունեն ոչ նման բարեգործական նախաձեռնություններին մասնակցելու, ոչ էլ ինչ-որ անհայտ ծագման գրքույկներ գնելու համար:
Ինչ վերաբերում է հիվանդ փոքրիկների բուժման առիթն օգտագործելով նման դրամահավաք կազմակերպելուն, ապա կան բազում հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, իսկ այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն օժանդակել նման նախաձեռնություններին անպայման կգտնեն, թե ում դիմեն ու ինչպես օգնություն տրամադրեն:
Ներկայիս հասարակության հուզական վիճակում գտնվելու առիթն օգտագործելով գումար վաստակելով զբաղվածներին հիշեցնենք, որ իրենց «բարեգործությունը», մեղմ ասած, անբարոյականություն է, իսկ ամսագրերի վաճառքով զբաղված մարդկանց, հեղինակներին ու կազմակերպիչներին էլ կոչ ենք անում ձեռնպահ մնալ ավելորդ անգամ մարդկանց գլխին իրենց «ապրանքը» փաթաթելուց:
Ա.Գրիգորյան