Գերավճարներն այս պահի դրությամբ կազմում են 131 միլիարդ դրամ. Վ. Խաչատրյան
InterviewՏնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը ոչ հիացած է և ոչ էլ ոգևորված ՀՀ նախագահի այն հայտարարությունից, որ ապրիլ ամսին ՊԵԿ-ը 97 մլրդ դրամ է հավաքագրել: Նրա կարծիքով՝ իրականում տնտեսությունում առկա խնդիրներն ավելի խորքային են, քան ներկայացվում է, իսկ ինչ վերաբերում է մեկ ամիս ավել կամ պակաս հարկ հավաքելուն, ապա նա այդտեղ ավելի շատ վտանգ է տեսնում, քան առավելություն:
Orer.am-ի հետ զրույցում Վ. Խաչատրյանն ասաց, որ հարկերի հավաքման տարբեր ձևեր կան և դրանից կարելի է եզրակացնել, որ որևէ արտառոց բան էլ տեղի չի ունեցել, քանի որ ապրիլ ամիսը շահութահարկի գծով տարեկան, ամփոփիչ վճարումներ կատարելու ժամանակահատվածն է: Բացի այդ, ապրիլին տնտեսվարողները նույնիսկ կանխավճարներ են վճարում, բայց զավեշտալին այն է, որ կարող է մի երկու ամիս հետո պարզվել, որ ներկայում տնտեսվարողների կողմից վճարվող գերավճարներն արդեն հաջորդ՝ 2017 թվականի հարկերն են:
«Կա նաև երկրորդ տարբերակը: ՊԵԿ-ը նոր ղեկավար ունի և, ամենայն հավանականությամբ, դիմել են գործարարներին՝ կանխավճարներ վճարելու համար, այնպես որ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել: Ուղղակի երևի պետք էր ընդհանուր հանրային տրամադրությունը բարձրացնել՝ ցույց տալու համար, որ «լավ» են աշխատում»,- ասում է Վ. Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ խոշոր հարկատուների գերավճարները այս պահի դրությամբ կազմում են 131 միլիարդ դրամ, որը տարեկան ընդհանուր հարկերի մոտ 15 %-ն է կազմում և ամեն անգամ, երբ բյուջեի քննարկումների ժամանակ գերավճարները նվազեցնելու մասին հայտարարություններ են արվում, իսկ կառավարությունն էլ խոստումներ է տալիս, բյուջեի ընդունումից հետո պարզվում է, որ այն չի համապատասխանում իրականությանը:
«Դա նշանակում է, որ 131 միլիարդ դրամ պետությունը պարտք է գործարարներին: Եթե գործարարները հանկարծ պարտք լինեին պետությանը, նրանց հանդեպ տույժեր և տուգանքներ կկիրառվեին և ինչ-որ տեղ նույնիսկ քրեական պատժի կենթարկեին, քանի որ, եթե 1,5 միլիոնից ավելի հարկ չեն վճարում, քրեական հոդվածով են դատում, բայց պետության դեպքում կարելի է»,- ասում է Վ. Խաչատրյանը:
Տնտեսագետի կարծիքով՝ պետությունը ո´չ կանխավճարի, ո´չ էլ գերավճարների կարիք չէր ունենա, եթե հիմնական նպատակը տնտեսության զարգացումը լիներ, այլ ոչ թե ողջ տնտեսությունը մի խումբ մարդկանց շահերին սպասարկեցնելը:
«Տնտեսությունը մեզ մոտ ինքնահոսի է մատնված և ռազմավարական առումով որևէ խնդիր չի լուծում: Մենք արդեն կանգնած ենք այն փաստի առջև, որ վաղը-մյուս օրը տնտեսական զարգացման պոտենցիալ անգամ չենք կարողանալու ունենալ: Վտանգն այստեղ է, և ես դրա լուծման ուղիները չեմ տեսնում: Ինչ վերաբերում է հարկեր հավաքելուն, ապա մեզ մոտ մի վատ ավանդույթ կա: Պարտքերը նախորդ պետից փոխանցվում են հաջորդ պետին, որն էլ իր հերթին փորձում է ցույց տալ, որ ինքն ավելի հզոր է և կարող է իրեն թույլ տալ թվանկարչությամբ զբաղվել, որովհետև տնտեսությունն այդ պոտենցիալը չունի, որ հարկերի հավաքագրումն ավելանա, եթե, իհարկե, քաղաքական որոշում չի կայացվել, որ պետք է այլ աշխատաոճով շարունակեն աշխատել, որն ավելի շատ ֆանտաստիկայի ժանրից է»,- ասում է Վ. Խաչատրյանը:
Ա. Գրիգորյան