ՊԵԿ-ում հարցերին չպատասխանելու համար ձևացնում են, թե այն «լավ չեն հասկացել»
SocietyOrer.am-ին են դիմել մի խումբ տնտեսվարողներ, ովքեր տեղեկացրեցին,, որ իրենց տարածքային հարկային մարմինները պարտադրում են կանխավճար վճարել: Պարզելու համար, թե ինչո՞ւ է տնտեսվարողների առջև նման պարտադրանք դրվել և նման մոտեցումն արդյո՞ք օրենքի խախտում չէ, Orer.am-ը դիմեց ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին:
Մեր հարցմանն ի պատասխան՝ կառույցի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրեցին. «Օրենքով սահմանված կանխավճարներից բացի, հարկային մարմնի կողմից հարկ վճարողներին այլ վճարումներ չեն առաջադրվել: Միաժամանակ, ՊԵԿ-ը հայտնում է իր պատրաստակամությունը Ձեր կայքին դիմած ցանկացած հարկ վճարող գործարարի հետ քննարկելու, ինչպես Դուք եք նշել, կանխավճար մուծելու պահանջի ցանկացած դեպք»:
Պատասխանից պարզ է դառնում, որ կանխավճարներ վճարելու մասին սահմանված է օրենքով: Orer.am-ը փորձեց պարզել, թե ո՞ր օրենքի կամ օրենքի ո՞ր դրույթի համաձայն են տնտեսվարողները պարտավոր կանխավճարներ վճարել: Բացի այդ, ՊԵԿ-ից խնդրեցինք պատասխանել նաև այն հարցերին, թե ի՞նչ սկզբունքով է հաշվարկվում տնտեսվարողի կողմից վճարվող կանխավճարի չափը և երկրորդ՝ այս պահի դրությամբ որքան են կազմում տնտեսվարողների կողմից վճարված գերավճարները:
Մեր կողմից ՊԵԿ-ին ուղղված երկու հարցերից առաջինի մասով ստացել ենք հետևյալ պատասխանը. «Ի պատասխան Ձեր հարցմանը՝ տեղեկացնում ենք, որ կանխավճարները, ինչպես նաև դրանց չափերը և վճարման ժամկետները սահմանված են «Շահութահարկի մասին» և «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքներով»:
Փաստորեն, պատասխանից պարզ է դառնում, որ տնտեսվարողների կողմից կանխավճար վճարելու պարտադրանքը սահմանված է օրենքով: Այսինքն, օրենքի ուժով է պարտադրվում պետությանը հավելյալ գումար վճարել, որի հետևանքով, չգիտես ինչու, տնտեսվարողն ընկնում է կրկնակի բեռի տակ:
Ինչ վերաբերում է մեր երկրորդ հարցադրմանը, ապա, չգիտես ինչու, այն հարկայինի մասնագետների կողմից լավ չի ընկալվել և մեր գրավոր հարցերին ի պատասխան ՊԵԿ-ից գրավոր տեղեկացրել են, որ «երկրորդ հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է հստակեցնել հարցադրումը»:
Համոզված լինելով, որ հարցը բավականին պարզ է շարադրված և այն հստակեցնելու կարիք չկա, քանի որ խոսքը մինչ այս պահը ստացված կամ հարկատուներից «քերած» գերավճարներից գոյացած գումարի չափի մասին պաշտոնական պատասխան ստանալն է, այնուամենայնիվ, վերաշարադրեցինք հարցը՝ այն ձևակերպելով հետևյալ կերպ. «Խնդրում եմ տեղեկացնել, թե այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ որքան գումար է կազմում ՀՀ բոլոր՝ խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների կողմից արդեն իսկ վճարված գերավճարների ընդհանուր գումարի չափը»:
Հույս ունենք, որ այս անգամ ՊԵԿ-ի մասնագետների համար ավելի «պարզ և հասկանալի» ենք շարադրել հարցը և ՊԵԿ-ի մասնագետների համար պետք է, որ պարզ լինի, թե ինչ թվի մասին է խոսքը: Միամտություն կլինի կարծել, թե իրականում այս կառույցում լավ չեն հասկանում հարցը, պարզապես ՊԵԿ-ն իրեն հայտնի ձևերով որոշել է բառախաղի միջոցով շրջանցել «օրենքով սահմանված կարգով» այս պահին արդեն իսկ հավաքած գերավճարների մասին պաշտոնական թիվ հրապարակելու հարցը:
Ակնհայտ է, որ բյուջեի մուտքերի մասով ՊԵԿ-ի կողմից սկսված այս պահմտոցին ավելի է խտացնում ՊԵԿ-ի մասին առկա գորշ և տխուր գույները, իսկ նորից ծնված այս կառույցի նորանշանակ ղեկավարությունը, փաստորեն առանձնապես շահագրգիռ չէ պարզ և թափանցիկ աշխատել:
Այս հարցը դեռևս փակված չէ, և եթե այս անգամ էլ ՊԵԿ-ում լավ հասկացած չլինեն մեր հարցը, այն կուղղենք կառավարության ղեկավարին՝ հուսալով, որ այնտեղ գուցե ավելի լավ ընկալեն, թե խոսքն ինչի մասին է: Այդ ժամանակ ձեռքի հետ էլ կառավարությունից կփորձենք տեղեկանալ, թե ինչպես է պատահում, որ ՊԵԿ-ն իրեն ուղղված հարցերը լավ չի «հասկանում»:
Ա.Գրիգորյան