ՃՈ-ն շարունակում է դակիչի դեր կատարել
SocietyOrer.am-ը շարունակում է վարորդներից բողոքներ ստանալ ՃՈ-ի կողմից տեսանկարահանման միջոցով հայտնաբերված «խախտումների» համար տուգանք նշանակելու մասին սխալ որոշումներ կայացնելու վերաբերյալ:
Այս անգամ խոսքն Ամիրյան փողոցի միջնամասում, թույլատրելի հատվածում կայանված մեքենայի մասին է, որի վարորդը, մյուս մեքենաների պես, մեքենան կայանել է թույլատրելի հատվածում, սակայն օրեր անց պարզվել է, որ կայանումը սխալ է եղել, որի համար պետք է տուգանք վճարի 5000 դրամի չափով:
Orer.am-ն ավելի վաղ անդրադարձել էր այն խնդրին, թե ՃՈ-ն ոչ թե պետք է մեքենան կայանելու համար շտապի տուգանք նշանակել, այլ խախտման մասին նախ՝ զգուշացնել վարորդներին: Խոսքն իհարկե երկրորդ, երրորդ գծերում ժամերով կայանելու մասին չէ: Սակայն, ինչպես երևում է, օրենքը դարձյալ մնում է օրենք առանց ուժի, այսինքն՝ թղթի վրա, իսկ իրականությունը շարունակում է մնալ նույնը:
ՃՈ-ն, այս անգամ կրկին դակիչի դեր կատարելով, առանց իրական հիմքերի պատշաճ ուսումնասիրության տուգանքի որոշում է կայացրել: Եվ որքան էլ, որ զարմանալի է, նույն ՃՈ-ն կրկին ոչ թե շտապել է այդ հատվածում առկա անճշտությունները վերացնել, այլ վերցնել ու տուգանել:
Խնդիրն այն է, որ եթե այս կամ այն ծառի հետևում ինչ-որ նշան է թաքնված, ապա վարելու ընթացքում վարորդը չի կարող շրջակա բոլոր ծառերի հետևի հատվածն ուսումնասիրել ու հետո նոր կայանել մեքենան: Ու եթե իրականում վարորդի համար տեսանելի չէ ծառի հետևում թաքնված նշանը, նշանակում է, որ դա կա՛մ պատկան մարմինների փնթիության հետևանք է, կա՛մ էլ մտածված կերպով լարված թակարդ, որի մեջ կարող է օրը մի քանի տասնյակ մեքենա «ընկնել», իսկ ՃՈ-ն, նրանց տուգանելով, օրվա պլանը կատարել: Բայց հարց է ծագում, թե ինչու պետք է վարորդները տուժեն պատկան մարմինների փնթիության պատճառով:
Այն, որ նման թակարդները Երևանի կետրոնում շատ-շատ են, փաստում են և՛ փորձագետները, և՛ վարորդները, բայց պարզվում է, որ դրանք վերացնելու հարցում այդքան էլ շահագրգիռ չեն համապատասխան մարմինները, քանի որ դրանց միջոցով փող են քամում վարորդներից:
Հուսանք, որ այս անգամ էլ, ինչպես մեր նախորդ անդրադարձի դեպքում, պատկան մարմինները համապատասխան հետևություններ կանեն և կշտկեն սխալները, իսկ մենք այս խնդրին կանդրադառնանք նաև առաջիկայում:
Արմինե Գրիգորյան