Բարեգործական համերգ՝ «Սարդարապատից Արցախ»
SocietyՀունիսի 25-ին Արամ Խաչատրյանի մեծ դահլիճում իր ստեղծագործություններով հանդես կգա բանաստեղծուհի Անահիտ Դանիելյանը: Հայրենասիրական՝ «Սարդարապատից Արցախ» խորագրով բարեգործական համերգի ողջ հասույթը նախատեսված է հենց դահլիճում տրամադրել «Էմանուէլ» վերականգնողական կենտրոնի երեխաներին և հոսպիտալում բուժվող մեր զինվորներին:
Համերգի կազմակերպիչներն են Անահիտ Դանիելյանը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Սամվել Գալստյանը: Այն կվարեն վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը և Անահիտ Դանիելյանը:
Բանաստեղծուհի Անահիտ Դանիելյանը բանաստեղծություններ սկսել է գրել դեռևս դպրոցական տարիներից: Նրա ստեղծագործությունները տպագրվել են հանրապետական մամուլում, սակայն կյանքի անիվը պատանեկան տարիքում նրան տարել է ոչ թե ստեղծագործական, այլ բոլորովին այլ ճանապարհով:

Ավարտելով Սիսիանի թիվ 1 միջնակարգ դպրոցը՝ նա ուսումը սկզբում շարունակել է Երևանի Առևտրի տեխնիկումում: Տեխնիկումն ավարտելուց հետո տիկին Անահիտը սովորել է նաև Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Մասնագիտական կրթությունը, սակայն, նրան չի խանգարում հետագայում զբաղվել երրորդ՝ նշված երկուսի հետ բոլորովին կապ չունեցող մասնագիտությամբ՝ ոսկեգործությամբ և արծաթագործությամբ: Տարիներ անց, ստեղծագործելու կիրքն ու ինքնատիպ արվեստի գործեր ստեղծելու հաճույքը, միահյուսվելով նրան բարձրացնում են մի նոր հարթության, որն անարձագանք չի մնացել մասնագետների կողմից: 2005թ. Երևանում կազմակերպված ոսկեգործության և արծաթագործության ցուցահանդեսի ժամանակ Անահիտ Դանիելյանն արժանանում է առաջին մրցանակին, որը նա համարում է իր կյանքի կարևորագույն ձեռքբերումներից մեկը:
Orer.am-ի հետ զրույցում Անահիտ Դանիելյանը նշեց, որ իր կյանքի բոլոր հանգրվաններում էլ չի դադարել ստեղծագործել, սակայն գրական ասպարեզ կարողացել է մուտք գործել բավական դժվար: Առաջին անգամ նա իր ստեղծագործություններով հանդես է եկել հայրենի Սյունյաց աշխարհում՝ անցնելով լուրջ փորձության միջով: Հանդիսատեսի կողմից ջերմ ընդունելության արժանանալով՝ պարզ է դարձել, որ անցած տարիների ընթացքում կուտակած ծով ասելիքի պաշարից բացի, իր ներսում կուտակված շատ ու շատ ապրումներ ունի, որոնց ծնունդին անհամբեր սպասում է իր հանդիսատեսը:
Հետագա տարիներին նրան բախտ է վիճակվում հանդես գալ Հայաստանի տարբեր մարզերում և Արցախում: Տիկին Անահիտի ստեղծագործությունները երեկվա ու վաղվա մասին են, դրանք մեր մասին են: Նրա ավանդը մեծ է նաև բարեգործական ծրագրերում, որոնցից գոյացած հասույթը տրամադրվում է տարբեր ծրագրեր իրականացնելու համար: Այս օրերին ևս նա ամեն ինչ անում է հայոց բանակի ու զինվորի խնդիրների լուծման հարցում անմասն չմնալու համար: Այդ իսկ պատճառով էլ բոլորին սիրով հրավիրում է մասնակցել հունիսի 25-ին կայանալիք միջոցառմանը:
Տոմսերի համար կարող եք զանգահարել 094-23-29-91 հեռախոսահամարով:
Արմինե Գրիգորյան