Աշոտ Աղաբաբյանը իր ցասու՞մն է արտահայտել երկրում առկա հոռի երևույթների նկատմամբ
AnalysisՀՀԿ խորհրդի նիստերից մեկի ժամանակ Սերժ Սարգսյանը իր ելույթում, դիմելով ՀՀԿ-ական պատգամավորներին, ասել է՝ բոլոր գործերը դնել մի կողմ եւ զբաղվել օրենսդրական գործունեությամբ, ԱԺ աշխատանքներից բացակայելը դասալքություն է: Հավանաբար Սերժ Սարգսյանը նման տխուր եզրահանգումներ անելու լրջագույն առիթ է ունեցել:
ՀՀ և ՀՀԿ ղեկավարի այդ դարակազմիկ հայտարարությունը առիթ հանդիսացավ, որպեսզի մենք սկսենք հոդվածաշար՝ ներկայացնելու համար ԱԺ հինգերորդ գումարման վերջին՝ հինգերորդ նստաշրջանի (03,02,2014-ից 11,06,2014) ընթացքում խրամատը լքած պատգամավորներին: Նաև քաղաքացիները պետք է տեղեկացվեն, թե իրենց ընտրյալները, բացի ԱԺ բուֆետում սուրճ խմելուց, ինչով են զբաղվում այդ հույժ կարևոր պետական կառույցում: Միաժամանակ, կոչ ենք անում, որ մյուս պատգամավորները ձգտեն հասկանալ մի պարզ բան. իրենք խորհրդարանում են հայտնվել օրենսդրական գործունեությամբ զբաղվելու առաքելությամբ, և պետք է վերջ տան ընտրողների նկատմամբ հանցավոր անտարբերությանը:
Եվ այսպես, «Խրամատը լքողները» շարքի հերթական հերոսը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն է: Պարոն Աղաբաբյանը շատ ակտիվ է խորհրդարանի միջանցքներում, ՀՀԿ գրասենյակի բակում, բայց արի ու տես՝ նույն էնտուզիազմով չի լցնում ԱԺ նիստերի դահլիճը: ԱԺ նախորդ նստաշրջանում նա բացակայել է 19 անգամ՝ ընդամենը երեք բացակայությամբ զիջելով «շաքյարի արքա» Սամվել Ալեքսանյանին:
Ցավոք, միայն իր ֆիզիկական ներկայությունը խորհրդարանում համարելով բավարար՝ հայ ժողովրդի քաղաքական և կուլտուր-կենցաղային խնդիրների բարելավման համար, Աշոտ Աղաբաբյանը երբեք ելույթներ չի ունեցել և հարցեր չի ուղղել կառավարությանը: Մինչդեռ հետևելով նրա՝ լրագրողներին և ակտիվիստներին ուղղված բազմաթիվ իմաստուն պատգամներին՝ խորին կսկիծով կարելի է արձանագրել, որ ի դեմս Աղաբաբյանի՝ խորհրդարանի ամբիոնը կորցրել է ճկուն, իմաստուն և պայքարող պատգամավորի իսկական վառ կերպար: Մեր քաղաքական դաշտը աղքատանում է հենց այդ պատճառով, որ մեր ազգընտիրները իրենց էներգիան սպառում են խորհրդարանի միջանցքներում և ՀՀԿ-ի բակում: Աչքերս լցվեցին արդեն...
Հինգերորդ նստաշրջանի ընթացքում Աշոտ Աղաբաբյանը մեկ անգամ չի մասնակցել քվեարկությանը, սակայն կոճակը մաշել է 43 անգամ, որից մեկը քվեարկել է... դեմ: Ձեզ թվում է, թե նա այդ քայլով իր ցասու՞մն է արտահայտել երկրում առկա հոռի (այո՛, հ-ով) երևույթների նկատմամբ. ոչ, մեր փառապանծ ընտրյալը իր ցասումն է արտահայտել ընդդիմության առաջարկած «Գազամատակարարման ոլորտի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» օրենքի նախագծի նկատմամբ: Բավական չէ՝ անամոթները բողոքում են իշխանությունների վսեմ գազային գործարքներից, մի հատ էլ օրինագիծ են ներկայացնում: Թու՛, զզվելի է պարզապես: Եվ ՀՀԿ նվիրյալը չէր կարող անտարբեր մնալ այս աղաղակող այլանդակության նկատմամբ:
Այս ամբողջ իդիլիան խաթարում է մեկ շատ փոքրիկ դետալ. ինչպե՞ս, ախր ինչպես կարկառուն ՀՀԿ-ականը, «կամբատի»՝ Գալուստ Սահակյանի աներորդին, պետք է իր ղեկավարին՝ Սերժ Ազատիչին պատասխան տա, թե ինչու է այդքան շատ բացակայել ԱԺ նիստերից և լքել խրամատը այն պահին, երբ յուրաքանչյուր պահի սպասվում էր Զառայի դիվերսիոն հարձակումը ՀՀԿ անսասան դիրքերի վրա:
Կարծում եմ, որ իմ համեստ ուժերով պատրաստված այս տեղեկանքը կօգնի ՀՀԿ «զինյալներին»՝ այսուհետ հավուր պատշաճի ներկայանալու «զորամաս»...
Վարուժան Բաբաջանյան