Արտահայտությունները հրապարակային հնչեցնելու վարքագիծը հակասում է ՓՊ կանոնակարգին
SocietyՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը կարգապահական վարույթի քննության շրջանակում օրերս որոշում էր կայացրել փաստաբան Գարիկ Գալիկյանին մեղավոր ճանաչել «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» պահանջների խախտման համար և նրա նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառել նկատողություն:
ՓՊ որոշումը կարող է բողոքարկվել այն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Նման որոշման պատճառ էր հանդիսացել «Նոր սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահի դիմումը: Դիմումատուի կարծիքով ՝ATV հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի՝ փետրվարի 19-ի հաղորդման հյուրը՝ փաստաբան Գ. Գալիկյանը, անթույլատրելի վարքագիծ էր դրսևորել, որին մասնակցել են նաև նույնասեռականներ և լեսբուհիներ:
Խնդիրն այն է, որ փաստաբան Գ. Գալիկյանը, արտահայտելով իր տեսակետը սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների վերաբերյալ, ասել է, որ պայքարել, պայքարում ու պայքարելու է նրանց դեմ, տրորելու, ոտնատակ է տալու: «Պետք է վառել, այո´, որովհետև մենք ունենք երեխա ….»,- ասել էր Գ.Գալիկյանը:
Դիմումատուի կարծիքով՝ այս արտահայտություններով Գալիկյանը վիրավորել է հաղորդման նույնասեռական մասնակցին: ՓՊ-ի այս որոշումը բավական բուռն արձագանքի և տարատեսակ մեկնաբանությունների պատճառ դարձավ: Արձագանքին ի պատասխան՝ Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը Orer.am-ին տեղեկացրեց.
«Հաշվի առնելով հունիսի 13-ին ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կողմից փաստաբան Գարիկ Գալիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ լրատվամիջոցների հետաքրքրվածությունը, հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը, քննարկելով փաստաբան Գարիկ Գալիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, որոշել է.
«Փաստաբան Գարիկ Գալիկյանին (արտոնագիր թիվ 644) ճանաչել մեղավոր «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» 2.2.3 ենթակետի պահանջների խախտման համար:
Փաստաբան Գարիկ Գալիկյանի (արտոնագիր թիվ 644) նկատմամբ կիրառել կարգապահական տույժ` նկատողություն:
Պալատի աշխատակազմի ղեկավարին` սույն որոշման մասին իրազեկել կողմերին»:
Պալատի խորհուրդն արձանագրել է, որ փաստաբան Գարիկ Գալիկյանի կողմից արված «Երբ տեսնեմ, տրորելու եմ, ոտնատակ եմ տալու ու պետք է վառել, այո´, միշտ տրորել եմ, տրորելու եմ ու գնալու եմ տենց էլ առաջ» արտահայտությունները, հրապարակային հնչեցնելու վարքագիծը, անկախ նրանից, թե ով է այդ արտահայտությունների հասցեատերը, չի նպաստում փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը, հակասում է Կանոնագրքի 2.2.3 ենթակետի պահանջին»:
Ա.Գ.