Հռոմի պապի խաղաղության մեսիջները տեղ են հասնելու
InterviewՀռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Հայաստան ուխտագնացությունը չափազանց նշանակալից է: Իր այս քայլով Հռոմի պապը յուրահատուկ կարեւորություն է տալիս քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած ժողովրդին ու երկրին՝ սեւեռելով ողջ աշխարհի ուշադրությունը մեզ վրա: Վերոնշյալ թեմայի ու մեկ շրջայցով Հայաստանից բացի Ադրբեջան ու Վրաստան այցելելուց հրաժարվելու Հռոմի պապի որոշման մասին Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ, ով, անդրադառնալով Հռոմի պապին ու նրա գործունեությանը, նշեց.
«Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախեւառաջ աչքի է ընկնում իր մարդասիրությամբ, մարդկության հանդեպ շատ ճիշտ գնահատականներով, նկատենք նաեւ, որ նա մշտապես շատ կարեւոր ուղերձներ է հղում հանրությանը, որոնց ես մշտապես հետեւում եմ: Նա նաեւ Հայոց ցեղասպանության հետ կապված շատ նուրբ ու լուրջ հայտարարություններ է արել ու տիրապետում է մեր երկրի հետ կապված բոլոր նրբություններին թե´ աշխարհի, թե´ տարածաշրջանի կտրվածքով:
Կարող եմ ասել, որ պարզապես հիացած եմ Հռոմի պապի անձով եւ աշխարհայացքով: Ինչ վերաբերում է մեզ, ապա նա իր հայտարարության մեջ արդեն իսկ ամեն ինչ ասել է: Հռոմի պապը նշել է, որ ուխտագնացության է գալիս Հայաստան, որովհետեւ Հայաստանը հին մշակույթ ունեցող ու առաջին քրիստոնյա երկիրն է, և նա այդ ամենի կոնտեքստում չէր կարող ուխտագնացությունը տարածել նաեւ այլ երկրների վրա: Ուխտագնացության գնում են միայն այն երկիր, որտեղ կարելի է ուխտ անել, այսինքն՝ այս կարեւոր հանգամանքն ու դիրքորոշումը բերեց նրան, որ Հռոմի պապն առանձնացրեց Հայաստան այցելությունը»:
«Այո´, Հայաստանը տարածաշրջանում խիստ տարբերվում է իր հարեւան երկրներից եւ այդ տարբերությունը Հռոմի պապն ընդգծել է իր այդ այցով, որը մեզ համար բացառիկ կարեւոր է»,- նշեց նա:
Ըստ պատգամավորի՝ այն մեսիջները, որոնք հղել է Հռոմի պապը, կապված խաղաղության հետ, պետք է, որ տեղ հասնեն:
«Այսօր մենք ունենք խնդիրներ՝ կապված Ղարաբաղի հարցի, սահմանին տիրող իրավիճակի ու Հայոց ցեղասպանության հետ: Մենք՝ բոլորս, ցանկանում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն լինի ու ցանկանում ենք ամեն ինչ անել այդ ուղղությամբ, սակայն, ինչպես տեսնում ենք, մեր հարեւան երկրները կարծես այլ ցանկություն ունեն: Պատմությունը ցույց է տալիս, որ խնդիրներն առաջանում են հենց հարեւան պետության պատճառով: Համոզված եմ, որ ե´ւ Ադրբեջանում, ե´ւ Վրաստանում հետեւելու են Հռոմի պապի հայաստանյան այցին ու երեւի թե հետեւություններ են անելու»,- նշեց Կ. Աճեմյանը:
Սոսե Չանդոյան