Գիտահետազոտական կենտրոն` ՌԴ և Իսրայելի հասարակական գործիչ Ալեքսանդր Ռաբինովիչի օժանդակությամբ
SocietyՌԴ և Իսրայելի հասարակական գործիչ Ալեքսանդր Ռաբինովիչը, որը նաև ֆաշիստական Գերմանիայի կողմից դաժանաբար սպանվածի թոռ է, ում ընտանիքը հայրենական Մեծ պատերազմի տարիներին արտաքսվել է Կիևից և տարաբնույթ ճնշումների ենթարկվել, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Գերմանիան, ընդունելով Հոլոքոստը, բավական մեծ գումարներ է վճարել և շարունակում է վճարել այն ընտանիքներին, ովքեր ժամանակին դարձել են հիտլերյան Գերմանիայի զոհը:
«Գերմանիայի կառավարությունը և գերմանացի ժողովուրդը գիտակցել է դա և նույնիսկ մինչ օրս փոխհատուցում է վճարում այդ տարիների ընթացքում բռնաճնշումների և տեղահանության ենթարկվածների զավակներին: Եվ երբ ես ընդամենը մի քանի ամիս առաջ ասում էի, որ Գերմանիան կընդունի նաև Հայոց ցեղասպանությունը, իմ կոլեգաները չէին հավատում դրան: Հիմա այն իրողություն է, բայց ես ուզում եմ մեջբերել 1915-1919թթ. Գերմանիայի կանցլերի խոսքերը. «Մեր հիմնական նպատակն է մինչև պատերազմի ավարտը Թուրքիային պահել մեր կողքին, իսկ հայերը կապրե՞ն, թե՞ ոչ, մեզ համար որևէ նշանակություն չունի»:
Իմ Հայաստան այցի նպատակն է ցեղասպանությունների ուսումնասիրմամբ զբաղվող գիտահետազոտական կենտրոն հիմնել, որի կենտրոնը կլինի Հայաստանում: Բայց ինչո՞ւ, օրինակ՝ Հայոց ցեղասպանության թանգարան չլինի Գերմանիայում կամ այլ երկրներում, որպեսզի ցանկացած զարգացած երկրի քաղաքացի կարողանա ծանոթանալ ցեղասպանված ազգերի պատմությանը»,- ասաց Ալեքսանդր Ռաբինովիչը:
Orer.am-ի հարցին, թե քաղաքական ինչ դիվիդենտներ կտա ցեղասպանություններն ուսումնասիրող գիտահետազոտական կենտրոնը Հայաստանին, քանի որ որոշ քաղաքագետներ կարծում են, որ տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունումը ընդամենը բարոյական քայլ է, բանախոսը նշեց, որ նման գիտահետազոտական կենտրոնի ստեղծումը կարող է բուռն ռեզոնանս առաջացնել ողջ աշխարհում և ամենակարևորն այն է նաև, որ այդ կենտրոնը հիմնադրվելու և գործելու է Հայաստանում, ինչը նշանակում է, որ հայկական հարցը մշտապես լինելու է ողջ քաղաքակիրթ աշխարհի ուշադրության կենտրոնում:
Ասուլիսի մասնակից քաղաքագետ, հասարակական գործիչ Արամ Սաֆարյանը, պատասխանելով նույն հարցին, նշեց, որ Հայաստանի խնդիրն է սկսված գործն ավարտին հասցնելը.
«Դա նշանակում է, որ մենք պետք է հասնենք այն բանին, որ Թուրքիան նույնպես ընդունի Հայոց ցեղասպանությունը: Երբ Թուրքիան ընդունի այն, մենք մեր դաշնակից-գործընկերների հետ կբարձրացնենք նաև փոխհատուցման հարցը: Սակայն փոխհատուցում ասելով պետք է ոչ թե հասկանալ սպանված մարդկանց գլուխների դիմաց տրվող փոխհատուցումը, այլ այն վնասի հատուցումը, որին զոհ գնաց մի ողջ ժողովուրդ: Դա քաղաքակիրթ մոտեցում է, և ես հույս ունեմ, որ միջազգային հանրությունը կօգնի մեզ հասնել դրան: Երբեմն թուրքերն ասում են, թե հայերն իրենցից ինչ-որ բան են խնդրում, բայց մենք ցանկանում ենք, որ Թուրքիան նախ՝ ընդունի իր կողմից իրագործած ոճիրը և հետևություններ կատարի դրանից բխող այն իրավաբարոյական և հոգեբանական հարցերի շուրջ, ինչպես ընդունված է ողջ քաղաքակաիրթ աշխարհում»,- ասաց Ա. Սաֆարյանը:
Արմինե Գրիգորյան