Ինչ տաբատ ընտրել այս սեզոնին (ֆոտո)
LifestyleԷլ ինչպիսի տաբատը կարող է շոգ ամռանը հարմար լինել, եթե ոչ լայն, թեթև տաբատը:
Լայն տաբատները կանանց զգեստապահարան մուտք են գործել մոտ մեկ դար առաջ : Կանայք հագնում էին լայն տաբատները որպես աշխատանքային հագուստ այնքան ժամանակ, մինչև որ Մարլեն Դիտրիխը և Կոկո Շանելն այն չվերածեցին 20-30-ական թվականների թրենդային հագուստի : Լայն տաբատները նոր վերելք ապրեցին նաև 70-ական թվականներին : Այդ ժամանակ երիտասարդ աղջիկները նախընտրում էին կրել բարձր գոտկատեղով լայն տաբատ՝ երկար տունիկաներով ու զգեստներով : 80-ականներին նորաձևությունը փոխվեց և լայն տաբատները դարձան կոստյումների բաղադրիչ մասը :
Ի դեպ, 90-ական թվականներին հիփ-հոփի և երիտասարդական երաժշտական մշակույթի շնորհիվ լայն տաբատները նորաձևության բարձրունքին էին գտնվում : Երաժշտության այդ ոճի երկրպագուները իրենց պաշտամունքի առարկա էին դարձրել լայն ուղիղ տաբատները՝ ցածր գոտկատեղով ու հետևի մասում մեծ գրպաններով :
Հետաքրքիր ձևվածք ունեն հատկապես պալացո տաբատները : Դրանք այն տաբատներն են, որոնք լայնանում են հենց ազդրերի վերին հատվածից կամ նույնիսկ գոտկատեղից : Երբեմն պալացոներն այնքան լայն են լինում, որ երկար կիսաշրջազգեստ են հիշեցնում : Հայտնի դիզայներների հավաքածուներում կարելի է հանդիպել պալացոյի ինչպես ստանդարտ երկարության, այնպես էլ կարճ մոդելներ : Հանդիպում են նաև խիստ ոճի և էքստրավագանտ պալացոներ :
Թեթև շիֆոնե տաբատները գծագրում են մարմնի կորությունները և ընդգծում դրանք, իսկ հաստ գործվածքներից կարված լայն տաբատները փակում են բոլոր թերությունները և բարեկազմ տեսք հաղորդում:
Լայն տաբատների գլխավոր առավելությունն այն է, որ նրանք սազում են ցանկացած կազմվածքով ու հասակով կանանց, քանի որ հեշտությամբ թաքցնում են ոտքերի փոքրիկ թերությունները, եթե դրանք առկա են : Գեր կանանց օգնում են ընդգծել կանացի կազմվածքը, իսկ նիհարների արտաքինը դարձնում են ավելի գրավիչ : Լայն տաբատների ընտրությունը բնականաբար սկսվում է գործվածքի ընտրությունից, որը պետք է համապատասխանի տարվա եղանակին : Բայց դա միակ գործոնը չէ : Պետք է նաև հաշվի առնել, որ ինչքան լայն է տաբատը, այնքան թեթև պետք է լինի կտորը, այլապես ծալքերը գեղեցիկ չեն նստի :
Կարճ, ոչ լայն, հասարակ, միագույն բլուզը կամ վերնաշապիկը հիանալի համադրություն կլինի լայն տաբատին : Մանավանդ եթե այն դրված լինի տաբատի գոտու տակ : Վառ գույներով ու պատկերներով լայն տաբատների հետ գեղեցիկ են նայվում համեստ ու ոչնչով աչքի չընկնող վերնաշապիկներն ու բլուզները :
Լայն տաբատները պահանջում են բարձրակրունկ կոշիկներ : Եթե իհարկե դուք ընտրել եք ոչ կարճ մոդել, ապա ձեր տաբատի փեշերը պետք է կիսով չափ ծածկեն կրունկները : Այդպիսով, դուք վիզուալ կերկարացնեք ոտքերը և ավելի սլացիկ տեսք կհաղորդեք ձեր կազմվածքին :Բայց, իհարկե, կարելի է կրել նաև սպորտային կոշիկների հետ:
Orer.am-ը առանձնացրել է լայն տաբատների ամառային համադրություններ:









































