ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ Սեֆիլյանի ձերբակալության մասին
SocietyԺիրայր Սեֆիլյանի ձերբակալության պատճառները հիմնավորող պաշտոնական հայտարարությունն առաջին հայացքից որքան էլ հստակ ձևակերպումներ ուներ, այնուամենայնիվ, միանշանակ չընկալվեց հասարակության կողմից: Մինչ օրս ինչպես ընդդիմադիր շատ գործիչներ, այնպես էլ հենց ինքը՝ Սեֆիլյանը, այդ ձերբակալությունը քաղաքական հալածանք են համարում:
Իշխող կուսակցության ներկայացուցիչների կարծիքով, սակայն, այն քաղաքական ենթատեքստ չունի, քանի որ հարցը քրեական դաշտում է: Այն, որ Սեֆիլյանի գլխին վաղուց էին մութ ամպեր կուտակվել, պարզ էր ի սկզբանե, բայց որ հարցն այսպիսի ընթացք կունենա որևէ մեկի մտքով էլ չէր կարող անցնել:
Orer.am-ը փորձեց պարզել, թե ինչպիսին է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի կարծիքը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարի հունիսի 20-ի ձերբակալության մասին:
«Մենք գործի մասին տեղյակ ենք և ակնկալում ենք, որ այն ընթացք կստանա Հայաստանի քննչական ու իրավական խողովակներով պատշաճ իրավական ընթացակարգի պահպանմամբ ու ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Տեղյակ ենք նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ևս հետևում է գործին՝ երաշխավորելու հունիսի 20-ին ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանի և մյուս անձանց իրավունքների պաշտպանությունը»,- ասված է Orer.am-ին ուղղված ԱՄՆ դեսպանի պատասխանում:
Ինչպես նկատեցիք, պատասխանում ձերբակալության որակի և դրան քաղաքական գնահատական հնչեցնելու մասին խոսք չկա, բայց տողատակերից պարզ է դառնում, որ ինչպես ողջ քաղաքացիական հասարակությունն այնպես էլ անձամբ Ռիչարդ Միլսը սպասում է ձերբակալության մասին պատշաճ հիմնավումների: Ասել է, թե այս պարագայում փոքր-ինչ դժվար կլինի Սեֆիլյանի վրա «գործ սարքելը»:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանի տանը և «Սարդարապատ» շարժման գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ զենք-զինամթերք չի հայտնաբերվել, իսկ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:
Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանն արդեն իսկ հայտարարել է, որ իր պաշտպանյալի ձերբակալությունը քաղաքական պատվեր է, քանի որ իշխանություններին դուր չի եկել ապրիլյան դեպքերի հետ կապված 700 հա տարածքներ կորցնելու մասին նրա հայտարարությունը: Նշենք նաև, որ Ժիրայր Սեֆիլյանն առաջինն էր բարձրաձայնել տարածքներ կորցնելու մասին, որը բավականին մեծ հասարակական-քաղաքական արձագանք առաջացրեց հանրապետությունում և նրա սահմաններից դուրս:
Արմինե Գրիգորյան