Ռուս-թուրքական հարաբերությունների սերտացումն ավելի շատ տնտեսական կլինի. քաղաքագետ
InterviewԱմիսներ առաջ Թուրքիայի կողմից ռուսական ՍՈՒ-24 ինքնաթիռի խոցումը քարուքանդ արեց առանց այդ էլ լարված ռուս-թուրքական հարաբերությունները: Սակայն, ինչպես նկատում ենք, վերջին շրջանում թուրքական կողմը կարծես փորձում է «սխալների ուղղման» միջոցով նախկին հարթակին բերել գերտերության հետ հարաբերությունները: Թե որքանով կհաջողվի Թուրքիային վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, Orer.am-ը զրույցի ընթացքում պարզեց քաղաքագետ Գագիկ Համբարյանից.
«Նախ սկսենք նրանից, որ թուրքական կողմը Ռուսաստանից ներողություն չի խնդրել եւ դա պաշտոնապես հայտարարեց նաեւ Թուրքիայի նախագահի աշխատակազմը, նրանք նշեցին, որ դա ընդամենը եղել է ռուս օդաչուի մահվան վերաբերյալ ցավակցություն: Այստեղից անում ենք հետեւություն, որ թուրքական կողմը ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման երեք նախապայմաններից մեկը միեւնույն է չի կատարել: Տվյալ կողմը կատարել է մյուս երկու պարտավորությունները՝ պարտավորվել է փոխհատուցում տրամադրել թե՛ կործանված օդանավի, թե՛ սպանված օդաչուի համար, ինչպես նաեւ ձերբակալել է այն ահաբեկչին, որը, լինելով Գորշ գայլեր ահաբեկչական խմբի անդամ, սպանել էր ՍՈՒ-24-ի օդաչուներից մեկին:
Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերությունների լավացմանը, ապա ասեմ, որ կայծակնային լավացում ես չեմ կանխատեսում: Ընդամենը կարող եմ ասել, որ տվյալ կողմերի միջեւ կվերականգնվեն տնտեսական կապերը, որը կարեւոր է եւ՛ պաշտոնական Անկարայի, եւ՛ պաշտոնական Մոսկվայի համար: Ինչ վերաբերում է քաղաքական եւ դիվանագիտական սերտ կապերին, ապա այստեղ բավական մեծ սեպ կա, ամենակարեւորն այն է, որ ՌԴ-ի քաղաքականությունը Սիրիայում, Մերձավոր Արեւելքում ու Կովկասում բացարձակ չի համապատասխանում Թուրքիայի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը եւ հենց այստեղ է, որ նրանք իրար կբախվեն ու ոչ մեկ անգամ: Ռուս-թուրքական այս սերտացումն իմ կարծիքով ավելի շատ տնտեսական կլինի»,-ասաց քաղաքագետը:
Հարցին, թե առհասարակ ինչպես կազդեն ՀՀ-ի վրա ռուս-թուրքական սերտացումները, քաղաքագետը պատասխանեց. «Մերձացումից որեւէ դրական կամ բացասական բան չեմ ակնկալում, սակայն անդրադարձ կանեմ ՌԴ «Լիբերալ դեմոկրատական կուսակցության» ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու ադրբեջանական թիվիներից մեկին տված հարցազրույցին, որտեղ նա հայկական կողմին վերաբերվող մի քանի վտանգավոր հայտարարություններ է արել: Նա ասել էր, որ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի համար կվերացնի հայկական ու քրդական հարցերը, ինչպես նաեւ այդ հարաբերությունների սերտացումը կբերի նրան, որ Արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանը գոհ կմնա: Մենք գիտենք, որ տվյալ անձն ավելի շատ ասոցացվում է որպես ՌԴ նախագահի ոչ պաշտոնական մամուլի խոսնակի հետ, եւ սա է մտահոգիչ:
Պատմության մեջ մենք ունենք ապացույցներ, որոնք փաստում են, որ ռուս-թուրքական մերձեցումներն ուղղակիորեն ծայրահեղ ծանր են անդրադառնում հայերի վրա, ինչպես դա եղավ 20-րդ դարի սկզբին: Այն, որ Թուրքական պետությունը հիմա կա, ի շնորհիվ բոլշեւիկյան Ռուսաստանի է: Այսօր հասարակության մի ստվար զանգվածի մոտ կա մտավախություն, որ կարող է կրկնվել 20-րդ դարի սկիզբը, սակայն ես հուսով եմ, որ նման բան տեղի չի ունենա ու ռուսներն ամբողջությամբ չեն հավատա թուրքերին: Ռուսները պետք է հիշեն, որ Թուրքիան այն երկիրն է, որն ամենաշատն է ունեցել պատերազմներ տվյալ երկրի հետ ու վարել է հակառուսական քաղաքականություն բոլոր բնագավառներով»: