ՓՊ-ն շարունակում է անվճար իրավաբանական ծառայություններ մատուցել
SocietyՓաստաբանների պալատը հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավումից հետո զարգացող դեպքերին ընդառաջ փաստաբանական օգնություն տրամադրելու հայտարություն էր տարածել այն անձանց, ովքեր դրա կարիքը կունենան: Խոսքը մասնավորապես վերաբերում էր ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բերման ենթարկվածներին և նրանց հարազատներին:
Orer.am-ը ՓՊ-ի լրատվական ծառայությունից փորձեց տեղեկանալ, թե այս պահի դրությամբ քանի քաղաքացի է օգտվել առաջարկվող օգնությունից.
«Սկզբում մարդիկ դեռ տեղյակ չէին մեր նախաձեռնության մասին, բայց լրատվամիջոցների ակտիվ աշխատանքի շնորհիվ հասարակությունն արագ տեղեկացավ, որի համար շնորհակալություն ենք հայտնում բոլոր գործընկեր լրատվական կայքերին: Այս պահին դժվար է ասել, թե ինչքան զանգ ենք ստացել, քանի որ դեռևս ստանում ենք զանգեր, սակայն նշեմ, որ այդ հայտարարություն-կոչին շատ արագ արձագանքեցին կամավոր փաստաբանները, ովքեր համաձայնեցին փաստաբանական ծառայություն մատուցել առանց որևէ ժամանակային սահմանափակման: Անկախ այն բանից, թե օրվա որ ժամն է, եթե եղել են զանգեր, ապա պարտադիր պատասխանել են այդ զանգերին և գնացել են դեպքի հետքերով, մինչև դիմած քաղաքացիների հարազատները ազատ են արձակվել»,- ասաց ՓՊ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
Ի պատասխան այն հարցին, թե այսօր դիմողներ եղել են, նա նշեց, որ ՓՊ-ն միայն առավոտյան է զանգ ստացել: Այսօր դիմած անձինք միայն տեղեկություն ստանալու համար են զանգահարել , դրանից հետո մինչ այս պահը որևէ ահազանգ չի ստացվել:
«Նշեմ նաև, որ ՓՊ-ի հայտարարությունն ուժի մեջ է, և այն քաղաքացիների հարազատները, ում բերման են ենթարկել, կարող են զանգահարել (010) 600-701 հեռախոսահամարով և ստանալ անվճար իրավաբանական օժանդակություն և խորհրդատվություն»,- ասաց Ծ. Խաչատրյանը:
Ա. Գրիգորյան