Օգոստոսի 2-3-ը՝ թոքերի անվճար հետազոտություններ մի շարք բուժհիմնարկներում
SocietyՕգոստոսի 1-ին՝ Թոքի քաղցկեղի միջազգային օրվան ընդառաջ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հրավիրած ասուլիսի ժամանակ Երևանի գլխավոր ուռուցքաբան, «Ուռուցքաբանության զարգացման ֆոնդի» գործադիր տնօրեն Գագիկ Բազիկյանը և Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Գրիգոր Բադալյանը, խոսելով մեր հանրապետությունում թոքի չարորակ գոյացությունների առաջացման, դրանց վաղ հայտնաբերման կարևորության մասին, նշեցին, որ հիվանդությամբ տառապողների թիվը գնալով ավելանում է, սակայն դրա ուշ հայտնաբերումը թույլ չի տալիս հիվանդների լիարժեք բուժում կազմակերպել, ինչը բավականին մտահոգիչ փաստ է:
Մասնագետների խոսքով` ողջ աշխարհում քաղցկեղով հիվանդների թիվը գնալով ավելանում է, ինչը բժիշկների կարծիքով կյանքի միջին տևողությամբ է պայմանավորված: Չնայած այդ ցուցանիշը տարեցտարի ավելանում է 2-4 տոկոսով, սակայն մասնագետները նշում են, որ հիվանդության կանխարգելման և այն 100 տոկոսով բուժման ցուցանիշները նույնպես ավելացել են և այն մահաբեր հիվանդությունից դարձել է հաղթահարելի: Հիվանդության հաղթահարման համար, սակայն, կարևոր է դրա վաղ հայտնաբերումը: Այս առումով իր առանձնահատկությունն ունի թոքի քաղցկեղը, քանի որ հիվանդությունը զարգանում է գաղտնի և հիմնականում հայտնաբերվում է, երբ հիվանդության բուժումն արդեն անհնարին է լինում: Դրա հետևանքով թոքի չարորակ ուռուցքով հիվանդների մահացության ցուցանիշն ավելի բարձր է , քան կրծքագեղձի, հաստ աղու, շագանակագեղձի չարորակ ուռուցքների հետևանքով մահացությունները միասին վերցրած:
Աշխարհում տարեկան հայտնաբերվում է 1,82 միլիոն թոքի քաղցկեղով հիվանդ, որոնցից 1,59 միլիոնը` մահացու ելքով: Հայաստանում նույնպես թոքի չարորակ ուռուցքներով հիվանդացության դեպքերը աճի միտում ունեն: Եթե 2010թ. հայտնաբերվել է 1198 դեպք, ապա 2015-ին թոքի քաղցկեղով հիվանդների թիվը կազմել է 1353: «Այսինքն` մոտ 30 տոկոսով թոքի քաղցկեղով հիվանդների աճ է արձանագրվել, սակայն հայտնաբերվածների 7-8 տոկոսի դեպքում ենք միայն մենք կարողանում վիրահատական միջամտություն կատարել: Մնացած դեպքերը հայտնաբերվում են շատ ուշ և հնարավոր չի լինում լիարժեք բուժում կազմակերպել: Թոքի քաղցկեղը, ինչպես և քաղցկեղի այլ տեսակներ, ունի բուժման երեք տեսակ՝ վիրահատական, ճառագայթային և քիմիաթերապիայի մեթոդով, սակայն դրական արդյունքի հասնելու համար այն պետք է նախնական փուլերի ժամանակ հայտնաբերել»,- ասաց Գ. Բադալյանը:
Խոսելով հիվանդության առաջացման պատճառների մասին` Գ. Բազիկյանը նշեց, որ թոքերում չարորակ ուռուցքների զարգացման հիմնական պատճառը ծխելն է: «Այս հիվանդությամբ տառապողների մոտ 80 տոկոսը ծխող է: Մնացած դեպքերը կապվում են օդի աղտոտվածության, ասբեստի փոշու, ծանր մետաղների, քլորմեթիլային եթերների հետ շփման հետ: Տարին մեկ հատկապես ծխող մարդիկ պետք է ռենտգեն-հետազոտություն անցնեն: Միջոցառման նպատակն այն է, որ կարողանանք հասարակության ուշադրությունը հրավիրել այս հիվանդության վաղ հայտնաբերման և կանխարգելման վրա: Արդեն իսկ նախնական պայմանավորվածություն կա նաև Երևանի քաղաքապետարանի հետ բուժսպասարկման առաջնային օղակներում ռենտգեն-հետազոտությունն անճար դարձնելու համար»,- նշեց Գ. Բազիկյանը:
Թոքի քաղցկեղի կանխարգելման միջազգային օրվան ընդառաջ ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը և «Հայկական հակաքաղցկեղային Լիգա» ՀԿ-ն համատեղ օգոստոսի 1-3-ը կազմակերպել են «Թոքի քաղցկեղի կանխարգելման օրեր Հայաստանում» բարեգործական միջոցառումը: Միջոցառմանն աջակցում են նաև ՀՀ առողջապահության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը, որի շրջանակներում մայրաքաղաքի «Սբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Երևան», «Նաիրի», «Սլավմեդ» բժշկական կենտրոններում կիրականացվեն կրծքավանդակի անվճար պրոֆիլակտիկ ռենտգեն հետազոտություններ: Հետազոտության նպատակն է թոքերի և միջնորմի պաթոլոգիայի բացահայտումը և հետագա ախտորոշման և համապատասխան բուժման կազմակերպումը:
Հետազոտություն անցնելու համար կարող են դիմել 50 և ավելի տարիք ունեցող բոլոր ցանկացողները` նախապես գրանցվելով 010- 287 120 և 091-525 861 հեռախոսահամարներով:
Արմինե Գրիգորյան