Արցախը շնչում է. Ստեփանակերտում անցկացվեց «Երևան Տարազ ֆեստ» փառատոնը
CultureԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, Երեւանի ու Ստեփանակերտի քաղաքապետարանների ակտիվ համագործակցությամբ «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակներում նախօրեին Ստեփանակերտում անցկացվեց «Երևան Տարազ ֆեստ» փառատոնը:
Այն բաղկացած էր երկու մասից՝ տոնավաճառ-ցուցահանդեսից, որին մասնակցություն ունեին տաղանդաշատ ստեղծագործողներ եւ երկրորդ փուլից, որի ժամանակ «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» համույթի երաժշտության ներքո ցուցադրվեցին դիզայներներ Լիլիթ Մելիքյանի, Արամ Նիկոլյանի և Վահան Խաչատրյանի տարազային հավաքածուները:
Ողջ երեկոյի ընթացքում հաճելի ու բարձր տրամադրությունն ապահովեցին «Մարաթուկ» ազգագրական երգի պարի համույթը, «Միլեն» շոու բալետը, ԼՂՀ պարի պետական անսամբլը, ԼՂՀ-ի «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթը:
Նշենք, որ միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ ՊԲ նախարար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը եւ այլ բարձրաստիճան այրեր: Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանը Orer.am-ի հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով միջոցառման կարեւորությանը, նշեց. «Վերջին չորս տարիներին Երեւան-Ստեփանակերտ համագործակցության շրջանակներում շնորհիվ պարոն Մարգարյանի բավական շատ ոլորտներում տարբեր ծրագրեր են կյանքի կոչվել, սակայն այս ծրագիրը նոր ձեւաչափ է, այն նոր շունչ է հաղորդում արցախցիներին:
Ապրիլյան վերջին իրադարձություններից հետո սա նոր քայլ էր զբոսաշրջիկների հետաքրքրությունը Արցախի նկատմամբ մեծացնելու համար: Այսօր մենք եկել ենք Երեւանից եւ սա ապացույցն է այն բանի, որ միասնական ենք ու պահպանում ենք մեր ավանդույթները: Բոլորս շատ տպավորված ենք, հուսանք, որ ապագայում նման ծրագրեր դեռ կյանքի կկոչվեն, կոնկրետ այս բնագավառում միայն այս ձեւաչափի վրա կանգ չենք առնելու»,-ասաց նա:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնական Մարիա Բարաղամյանն էլ իր հերթին ասաց. «Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացվեց «Երևան Տարազ ֆեստ» երկրորդ փառատոնը: Փառատոնն Արցախում կազմակերպելու գաղափարը հղացավ Տարոն Մարգարյանը` Արցախ կատարած վերջին այցելության ժամանակ: Նա, այցելելով ԼՂՀ, ձեռք էր բերել պայմանավորվածություններ միջոցառումն այստեղ կազմակերպելու համար: Միջոցառման նպատակներից մեկն էր զբոսաշրջային ու մշակութային կյանքն Արցախում ակտիվացնելը: Մեր բոլոր դրական լիցքերն ու ժպիտները մեզ հետ բերել ենք արեւի քաղաք Երեւանից: Մեզ հետ Արցախ է այցելել մոտ 130 հոգանոց պատվիրակություն, որի կազմում կան ժողվարպետներ, ստեղծագործողներ, նորաձեւության տներ, ասեղնագործողներ, տիկնիկագործներ, ինչպես նաեւ հայտնի դիզայներներ: Ակնկալիքը մեկն էր, որ արցախցիները ուրախանան, քանի որ այս փառատոնն իրենց համար է»,- ասաց նա:
Հավելենք, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, շրջելով 15 տաղավարներով, ծանոթացավ տոնավաճառ-ցուցահանդեսի մասնակիցների աշխատանքներին, միաժամանակ, գնումներ կատարեց եւ նվիրեց իրեն ուղեկցող փոքրիկներին:
Սոսե Չանդոյան