Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին մայր օրենքի նախագիծը 2010 թվականից` սեղանի վրա
InterviewՄայրաքաղաքի անցումների մոտ կառուցված թեքահարթակների թիվը գնալով ավելանում է: Բարեբախտաբար, դրանք ոչ թե նախկինի նման «պտիչկա» դնելու նպատակ են հետապնդում ու խիստ անհարմար են, այլ իսկապես կառուցվում են հենաշարժողական խնդիրներ ունեցողների հոգսը թեթևացնելու համար: Անզեն աչքով էլ տեսանելի է, որ ուշադրություն է դարձվում ոչ միայն թեքահարթակի որակի, այլ թեքության աստիճանի վրա, որն ամենակարևորն է:
«Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ ներկայումս Երևանի քաղաքապետարանը համագործակցում է իրենց կազամակերպության հետ, հաշվի է առնում նաև իրենց առաջարկությունները, որի արդյունքում մայրաքաղաքում ունենք նախկինից մնացած շատ վատ և ներկայում կառուցված շատ լավ թեքահարթակներ:
- Մեզ հետ խորհրդակցելով՝ քաղաքապետարանը որոշում կայացրեց, որ առաջնահերթ կերպով այն վայրերում կառուցվեն թեքահարթակներ, որտեղ դրանք ընդհանրապես չկան, որպեսզի դրանք քաղաքի ավելի շատ վայրերում լինեն, իսկ հաջորդ փուլում արդեն կվերակառուցվեն նաև վատ որակի թեքահարթակները:
- Իսկ որքանո՞վ են այսօր տեղաշարժվելու սահմանափակումներ ունեցող քաղաքացիներն ավելի ազատ կարողանում մի տեղից մյուսը գնալ:
- Եթե խոսքը վերաբերում է շենքերի և շինությունների մասին, ապա այստեղ, իհարկե, շատ խնդիրներ կան: Ցավոք սրտի, որևէ օրենք չկա հին շինությունները մատչելի դարձնելու վերաբերյալ:
- Սակայն, որքանով գիտեմ, արդեն մի քանի տարի է՝ նորակառույցների նախագծերը չեն հաստատվում, եթե դրանց նախագծերում թեքահարթակներ նախատեսված չեն:
- Դա քաղաքական ղեկավարների բարի կամքի դրսևորման հետևանք է, բայց, ցավոք, օրենք չկա, որը կպարտադրի այդ հարցը մշտապես ուշադրության կենտրոնում պահել: Իմ կարծիքով՝ կարևոր է նաև, որ նորակառույցները ոչ թե թեքահարթակներ ունենան, այլ ընդհանրապես աստիճաններ չունենան, բայց, բոլոր դեպքերում, ներկայումս կառուցվող նորակառույցները հիմնականում ունեն թեքահարթակներ:
- Իսկ Երևանից դուրս ինչպիսի՞ն է իրավիճակը:
- Հանգստյան գոտիներում որևէ թեքահարթակ չկա, և դա արդեն այն հիմնավոր բողոքն է, որի մասին կցանկանայի բարձրաձայնել: Եթե անհատի տեղաշարժվելու իրավունքը ոտնահարվում է, բնականաբար, դա բողոքելու առիթ է դառնում: Ուստի կրկին նշեմ, որ այս հարցը լուծելու համար առաջնահերթ խնդիրը, որը պետք է լուծել, օրենքի ընդունումը պետք է լինի, որը կօգնի բոլոր շինություններում և հասարակական վայրերում իրավիճակը շտկել և կամաց-կամաց բոլոր վայրերը մատչելի դարձնել:
- Իսկ Ձեր կազմակերպությունը օրենքի նախագիծ ներկայացնելու նախաձեռնությամբ հանդես եկե՞լ է:
- Տասը տարի առաջ սկսել ենք այդ գործընթացը, և ԱԺ օրակարգում կար այդ նախագիծը, բայց գուցե քաղաքական պատճառներով դա չի դարձել օրենք և հիմա, անկեղծ ասած, մենք չենք գտնում, որ հարմար պահ է, քանի որ մոտենում է նախընտրական փուլը: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին մայր օրենքի նախագիծը 2010-ից սեղանի վրա է, բայց նույնիսկ դա չի դարձել օրենք և չի ընդունվել ԱԺ կողմից: Գուցե նաև այն պատճառով է, որ այդ հարցը չի ընկալվում որպես առաջնահերթություն ունեցող խնդիր, բայց դա հիմք կդառնար, որ մենք ավելի լուրջ գործիքներ ունենանք իրավիճակային հարցերը վեր բարձրացնելու և դրանք լուծելու համար:
Արմինե Գրիգորյան