ՀՀԿ-ական թեկնածուների մրցակիցները սեփական քարտուղարուհիներն են ու գործավարները
InterviewՍեպտեմբերի 18-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակ Արմավիրի մարզի 131 համայնքներում նույնպես անցկացվելու են համայնքի ղեկավարների և ավագանու անդամների ընտրություններ, որին ընդամենը 7 համայնքներում են իրենց թեկնածուներն առաջադրել «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ», ՀՅԴ և Հայաստանի կոմունիստական կուսակցությունները:
Մնացած համայնքներում հիմնականում առաջադրվել են ՀՀԿ-ական թեկնածուներ, որոնց մրցակիցները կա՛մ սեփական քարտուղարուհին է, կա՛մ նույն դպրոցի ֆիզղեկը, կա՛մ լավագույն դեպքում տեղի մանկապարտեզի տնօրենը, այսինքն՝ կարող ենք ասել, որ ՀՀԿ-ն ինչ-որ կերպ փորձել է Արմավիրի մարզի ընտրություններին իմիտացիոն երանգ հաղորդել, սակայն, մի քանի համայնքից բացի, ՀՀԿ-ի մրցակիցը սեփական քարտուղարուհին կամ համայնքի գործավարն է, ինչն անշուշտ ամենամիամիտի մոտ էլ ծիծաղելու մեծ ցանկություն կարող է առաջացնել: Թեև դեռ մի քանի օր է մնացել ընտրություններին, սակայն արդեն պարզ է, որ Արմավիրի մարզում ՀՀԿ-ական համայնքի թեկնածուների աննախադեպ քանակ է արձանագրվելու:
Ինչ վերաբերում է Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքին, ապա այստեղ, թեև խմելու ջրի ծորակից ջուր հոսում է, սակայն մյասնիկյանցիները խմելու ջուրը գնում են 500 դրամով, քանի որ ծորակից հոսող ջուրը խմելու համար վտանգավոր է:
Orer.am-ի հետ զրույցում համայնքի ներկայիս գյուղապետ Անդրանիկ Պետրոսյանը նույնպես հաստատեց, որ ծորակից հոսող ջուրը խմելու համար չէ, և գյուղացիները խմելու ջուր են գնում։
«Չենք խմում, բայց գոնե լավ է, որ 24 ժամ ջուր ունենք: Մեր հիմնական խնդիրը մշակույթի տան վերանորոգումն է: Շատ լավ դպրոց ունենք, շատ լավ պոլիկլինիկա ունենք, բազմաբնակարան շենքերի տանիքները վերանորոգված են: Ի տարբերություն մյուս գյուղերի՝ երեք խաղահրապարակ ունենք»,- ասաց գյուղապետը:
Դիտարկմանը, թե գյուղում, բացի համայնքային նշանակության փողոցից, այլ ասֆալտապատ ճանապարհ չկա և արդյո՞ք նախատեսվում է գյուղի կենտրոնական փողոցների ասֆալտապատում, գյուղապետն ասաց. «Գյուղում թրթուրավոր տեխնիկա է շարժվում և պետք է, որ ասֆալտ չլինի: Ի տարբերություն մյուս գյուղերի՝ մեր գյուղում աշխատատեղեր էլ կան, մարդիկ աշխատում են: 200 հոգի հողագործությամբ է զբաղվում, 40 մարդ գյուղապետարանում և մանկապարտեզում է աշխատում: Մեր խնդիրը միայն կուլտուրայի տունը վերանորոգելու հարցն է, որի հաշվարկներն էլ կան, մնում է ֆինանսավորում լինի»։
Զարմանալի է, որ 21-րդ դարում ապրող գյուղապետերը մնացել են անցած դարում և դեռ կարծում են, որ խմելու ջրի ծորակից կեղտոտ ջուր հոսելը նորմալ է, իսկ խմելու համար լրացուցիչ գումար ծախսելով խմելու ջուր գնելը՝ սովորական երևույթ, ինչն ամսվա կտրվածքով բավական կլորիկ գումար է կազմում, էլ չենք ասում ջուր բերողի ճամփին սպասելու վրա ծախսած ժամանակը:
Ա. Գրիգորյան