Երբ նկարիչը խոսում է իր կտավների միջոցով. շարունակվում է Սերգեյ Իսավերդյանի անհատական ցուցահանդեսը «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում
CultureՍեպտեմբերի 17-ից «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է գեղանկարիչ Սերգեյ Իսավերդյանի անհատական ցուցահանդեսը: 30-ամյա նկարչի գույներն ու իր մտքերի ինքնատիպ պրոյեկտումը կտավի վրա այցելուին է փոխանցում այն ապրումներն ու խոհերը, որոնցով ոգեշնչված ստեղծագործել է:
Orer.am-ի հետ զրույցում Ս. Իսավեդյանն ասաց, որ իր մանկության տարիներին երբեք չի այցելել ցուցահանդեսներ ու չի նկարել: Առաջին մասնագիտությամբ ինժեներ է: Պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելուց հետո մեկնել է զինվորական ծառայության, իսկ ծառայությունն ավարտելուց հետո նրա մեջ նկարելու բուռն զգացում է առաջացել։
«Հայրիկս նույնպես ինժեներ է եղել, սակայն հետագայում սկսել է գունավոր քարերով խճանկարներ պատրաստել և վաճառել Վերնիսաժում: Բանակից վերադառնալուց հետո ես էլ սկսեցի նրան օգնել: Դրանից հետո ես իմ մեջ բացահայտեցի գույների հրաշալի աշխարհը ու իմ մեջ մեծ ցանկություն առաջացավ նկարելու: Հայրս սկզբում չէր հասկանում, թե ինչպես կարող է ինժեների կրթություն ստանալուց հետո նման կտրուկ փոփոխության դիմեմ, սակայն հետագայում, տեսնելով իմ նկարները, համոզվեց, որ իսկապես իմ ընտրած ուղին ճիշտ է: Ես գտա իմ երազանքը ու հիմա ապրում եմ դրանով»,- ասաց Սերգեյը:
Միայն նկարել սովորելը նրան չի բավարարել, և Սերգեյը պրոֆեսիոնալ նկարիչ դառնալու համար ընդունվել և ավարտել է նաև Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան: 6 տարի ուսանելուց հետո նա գնալով համոզվել է, որ իր կոչումը նկարչությունն է, որը անպայման կուղեկցի իր հետագա կյանքի ընթացքում.
«Ես իմ նկարներով ոչ թե ցանկանում եմ մարդկանց դուր գալ կամ աշխարհահռչակ նկարիչ դառնալ, այլ նկարելն ինձ օգնում է արտահայտել իմ հույզերն ու զգացումները կյանքի տարբեր երևույթների ու նաև հակասությունների մասին: Շատ եմ ուրախանում, որ մարդիկ հավանում են իմ նկարները: Դա նշանակում է, որ ես կարողացել եմ այն էներգետիկան ու հույզերը փոխանցել, որը զգացել եմ տվյալ կտավը նկարելիս»,- ասում է Սերգեյը:
Սերգեյ Իսավերդյանի կտավներում կարմիր գծով նշմարվում են կյանքի տարբեր հանգրվաններում ու դրվագներում մարդկանց հարազատ հոգու խռովքներն ու դրանք հաղթահարելուն միտված պայքարի կամքը, իսկ Սերգեյի գույները կարծես մի ուրիշ աշխարհից ծնված բազմազան երանգների ամբողջություն լինեն, որոնք միահյուսվելով դառնում են մի ամբողջ պատմություն կյանքի ու պայքարի, լուսավորի ու մռայլի, ջերմության ու հոգու խռովքի:
«Ես իմ կտավներով փորձում եմ ցույց տալ, որ երբեք էլ պետք չէ հիասթափվել կյանքի դժվարություններից: Ընդհակառակը, դրանք դրվագներ են որոնք պետք է վերլուծել ու ազատվել դրանից: Ես վաղուց ազատվել եմ նման կապանքներից ու ինչքան ապրում ու ստեղծագործում եմ, այնքան ավելի եմ սիրում կյանքը, ուր բազմաթիվ շերտեր կան, որոնք դեռ պետք է բացահայտեմ»,- ասաց Սերգեյը:
Ի դեպ, նա մեծագույն սիրով ցանկացավ մեր միջոցով իր երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին և նախարարության աշխատակիցներին:
Սերգեյ Իսավերդյանի անհատական ցուցահանդեսը կշարունակի գործել ևս երկու օր՝ սեպտեմբերի 22-ին և 23-ին «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում՝ ժամը 10.00-17.00-ը:
Արմինե Գրիգորյան