Գագիկ Բեգլարյանին կրկին կհաջողվի՞ համոզել, որ առանց իր օգնության խորտակվող նավը չի կարող փրկվել
AnalysisԱնշուշտ դժվար է կռահել, թե ներկայիս իշխանափոխության հիմքում շախմատի ինչ պարտիա է խաղարկվում, բայց այն, որ նոր կառավարությունում սկսված փոփոխությունները մտորելու տեղիք են տալիս, փաստ է:
Սակայն, իհարկե, հարցերի հարցը մնում է այն, թե փոփոխությունների գնացող իշխանությունն ինչու նման քայլի չգնաց ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, երբ լակմուսի թղթի նման պարզ երևաց, թե որ գերատեսչությունում ինչ բացեր ու նույնիսկ փոսեր կան:
Փոսերից խոսելիս չենք կարող կրկին չհիշել նաև քանդվող, փլուզման վտանգի առջև կանգնած ու տեղ-տեղ նաև կարկատաններով թքած-կպցրած միջպետական ճանապարհները, որով ապրիլյան պատերազմի օրերին նույնիսկ ռազմական տեխնիկա փոխադրելը դարձավ գրեթե անհնարին:
Այդ օրերին ORER.am-ը, անդրադառնալով այդ խնդրին, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատանքը զրո գնահատականի արժանացրեց, բայց …
Բայց արի ու տես, որ այդ ժամանակ հայրենի իշխանությունները որևէ հետևություն չարեցին, իսկ պատկան գերատեսչության ղեկավար Գագիկ Բեգլարյանը շարունակեց պաշտոնավարել: Միջպետական ճանապարհների անմխիթար վիճակի մասին նորմալ մեկնաբանություն չտրվեց նաև իշխող կուսակցության և կառավարության ղեկավարների կողմից, և այդպես էլ պարզ չդարձավ, թե իրականում ինչու են ճանապարհներն այդքան վատ վիճակում, ուր են գնում բյուջեի գումարները, որոնք նախատեսված են նման խնդիրների լուծման վրա ծախսելու համար կամ ինչու դրանք այդպես էլ չի ստացվում հիմնանորոգել:
Այս և նմանօրինակ հարցերին պատասխանելու փոխարեն իշխանությունները հանդուրժողական կեցվածք ընդունեցին՝ ցույց տալով, թե ամեն ինչ կարգին է: Իրականում, ինտրիգը տեղափոխվեց ներկուսակցական խոհանոց և այլ հարցերի պես փորձ արվեց այն նույնպես ծածկադմփոց անել, քանի որ այս հարցի պատասխանն իրականում չկար:
Բայց, ինչպես երևում է, նոր վարչապետը տրամադրված չէ ոչ միայն նախկին պաշտոնյաների հետ աշխատել, այլև նրանց թերացումների վրա աչք փակել, էլ չենք ասում Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության շուրջ ձևավորված խնդիրների կծիկը, որի թե՛ որակն է կրկին բավական հեռու միջազգային չափանիշներինց, թե՛ ժամանակացույցից այնքան են շեղվել, որ այդպես էլ չեն կարողանում որևէ հստակ ժամկետ նշել, թե երբ վերջապես կավարտվի ճանապարհի շինարարությունը:
Հարց է ծագում, թե այս անգամ Գագիկ Բեգլարյանին կրկին կհաջողվի՞ իր կուսակիցներին և իշխանություններին համոզել, որ ինքն անփոխարինելի ֆիգուր է հայրենի իշխանական բուրգում և առանց իր օգնության խորտակվող նավը չի կարող փրկվել կործանումից:
Այս հարցերի պատասխանները կստանանք առաջիկայում, բայց հիմա փաստենք, որ Կ. Կարապետյանի կառավարությունում այլևս չենք տեսնի երկար տարիներ բարձր պաշտոններ ստանձնած Գագիկ Բեգլարյանին, ում երկար տարիներ հաջողվում էր տարբեր կոնֆլիկտների կիզակետում լինել ու մշտապես չոր ու «ճիշտ» դուրս գալ:
Արմինե Գրիգորյան