Մայրաքաղաքի տոնի կապակցությամբ կբացվի «ГОСТ … արտադրված է Երևանում» ցուցահանդեսը
SocietyՀոկտեմբերի 8-ին «Էրեբունի-Երևան-2798»-ամյակին նվիրված տոնակատարության կապակցությամբ Երևան քաղաքի պատմության թանգարանում կբացվի «ГОСТ …արտադրված է Երևանում» խորագիրը կրող ցուցահանդես, որտեղ կներկայացվեն խարհրդային տարիներին Երևանում արտադրված թեթև և սննդի արդյունաբերության արտադրական նմուշները:
Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ ցուցադրության նյութերը թանգարանի արտադրական ֆոնդի հարուստ հավաքածուի ցուցանմուշներն են.
«Ինչպես գիտեք, խորհրդային իշխանության տարիները Երևանի համար տնտեսական հաջողությունների ժամանակաշրջան էին, և մայրաքաղաքը աստիճանաբար դարձավ թեթև, սննդի, իսկ հետպատերազմյան տարիներին՝ նաև հանքային, ծանր և քիմիական արդյունաբերության կենտրոն: Բացվեցին արդյունաբերական մանր և խոշոր բազմաթիվ ձեռնարկություններ: Արդյունաբերական որոշ ճյուղերի արտադրանքով Երևանը Խորհրդային Միությունում գրավում էր առաջնային տեղերից մեկը»,- ասաց Ա.Սարգսյանը:
Տնօրենի խոսքով՝ Երևանը հայտնի էր նաև հաստոցաշինությամբ, ճշգրիտ սարքերի արտադրությամբ: Բացի այդ, միութենական երկրներում և արտերկրում մեծ պահանջարկ էին վայելում Երևանի կոնյակը, գինին, ծխախոտը, կոշիկը, գորգերը և այլն:
Խոսելով տոնի առիթով բացվող ցուցահանդեսի մասին՝ Ա.Սարգսյանն ասաց, որ այն նպատակ ունի երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին ներկայացնել նախկին Երևանի զարգացած արդյունաբերությունը։
«Ժամանակին այդ բոլոր արտադրանմուշներից մեկական օրինակ՝ հիմնականում առաջին օրինակները, նվիրվել են Երևանի պատմության թանգարանին, և թանգարանն այդպիսով ձևավորել է իր արտադրական ֆոնդը: Այս տարվա ցուցահանդեսում ներկայացվելու է շուրջ 650 առարկա՝ ժամացույցներ, ծխախոտ, կոնյակ, հրուշակեղեն, ճշգրիտ սարքերի և հաղճապակու գործարանի արտադրանքը, գորգեր, ջահեր, պատրաստի հագուստ, գործվածք, որով Երևանը հայտնի է եղել ոչ միայն Խորհրդային Միությունում, այլև արտերկրում»,- ասաց Ա. Սարգսյանը:
Թանգարանի տնօրենը նաև նշեց, որ ներկայիս և խորհրդային տարիների Երևանի միջև համեմատականներ անցկացնելը շատ դժվար է, քանի որ խորհրդային տարիներին գործարանները պետական էին, իսկ ներկայումս ամեն ինչ մասնավոր հիմունքներով է արտադրվում:
«Այն, ինչ մենք ժամանակին ունեցել ենք որպես ձեռնարկություն՝ իրենց մեծաքանակ արտադրանքով, հիմա չկա: Պարզապես այս ցուցահանդեսով մենք նպատակ ունենք ցույց տալ խորհրդային տարիների մեր հաջողությունները, որը կարելի է շարունակել նաև այսօր, իհարկե, արդի ժամանակին և պահանջներին համապատասխան»,- ասաց Ա.Սարգսյանը:
Նա նաև հույս հայտնեց, որ ցուցահանդեսի խորհուրդը կարող է գուցե լինել նաև այն, որ օրինակ՝ կոշիկի, գորգերի, կոնյակի ներկայիս արտադրությունները նույն հաջողությունները կարողանան գրանցել ներկայիս տնտեսական ցուցանիշներում և ինչու ոչ, գուցե այն օգնի, որպեսզի վերակենդանանան նաև երևանյան արտադրության այնպիսի ճյուղեր, որոնք երբևէ զարգացած են եղել մայրաքաղաքում:
«Ինչ վերաբերում է «Արևի քաղաք Երևան» խորագրին, պետք է նշեմ նաև, որ Ալեքսանդր Թամանյանի նախագծով Երևանը նման է հենց արևի: Այն իր և՛ իր եղանակային, և՛ իր ճարտարապետական կառուցվածքով իսկապես արևի քաղաք է, որը օրեցօր բարեկարգվում է, ծաղկապատվում, կանաչապատվում և լուսավորվում է, ինչը նույնպես շատ կարևոր է, քանի որ մայրաքաղաքը պետք է լինի բարեկեցիկ, հարմարավետ և հետաքրքիր իր ժամանցային կենտրոններով»,- ասաց Ա.Սարգսյանը:
Հավելենք նաև, որ տոնական օրը Երևանի պատմության թանգարնը կաշխատի ժամը 10.00-ից 20.00-ն, իսկ մայրաքաղաքի բոլոր հյուրերը հնարավորություն կունենան անվճար օգտվել էքսկուրսավարի ծառայություններից, իսկ ժ. 12.00-ին կարող են մասնակցել թանգարանում կազմակերպված ցուցահանդեսի բացմանը:
Արմինե Գրիգորյան