Պետք է ոտքն այնքանով մեկնել, որքանով երզում ես. Թեւան Պողոսյան
InterviewՀԱՊԿ-ն արհեստական կազմակերպություն է, որտեղ չեն կարողանում անգամ իրենց կողմից ընդունված կարգերը նորմալ կարգավորել։ Վերջին իրադարձություններն ապացուցեցին, որ Հայաստանն այդտեղ է գտնվում հայ-ռուսական հարաբերությունների պահպանման, ինչպես նաեւ մեկ կամ երկու կետից օգտվելու՝ մատչելի գներով սպառազինություն ձեռք բերելու համար։ Այս մասին Orer.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում հայ պաշտոնյայի նշանակման հարցը մինչեւ տարեվերջ հետաձգելուն։
Պատասխանելով հարցին՝ արդյոք Հայաստանը շահում է՝ լինելով ՀԱՊԿ անդամ, պագամավորն ընդգծեց. «Եթե ռեսուրսը ճիշտ օգտագործվի, կշահենք։ Եթե մենք մեր անվտանգության համար այնպիսի տնտեսություն ձեւավորենք, որ ունենանք շատ բարձր եկամուտներ, ապա կարելի է մատչելի զենքեր գնել, որպեսզի չունենանք անվտանգության հետ կապված որեւէ խնդիր։ Այստեղ այլ հարց է՝ մենք ինչ ենք ցանկանում եւ ինչ քայլերի ենք գնում։ Ամենը գալիս է տնտեսության, ժողովրդավարական ինստիտուտների հետ ճիշտ աշխատանքից, որը տեղի չի ունենում։ Միշտ այդպես է, որքան թույլ ես լինում, ուժեղներն իրենց շահերն առաջ են տանում»։
«Մենք մեզ համար ձեւավորել ենք անհասկանալի մի քանի սպասում, մենք մի քանի մարդկանց «ոսկորներն աղացինք»՝ կապված քարտուղար նշանակվելու հետ, սակայն տեսանք, որ որեւէ կապ չունի, թե ում թեկնածության շուրջ էին ընթանում քննարկումները»,- նկատեց Թեւան Պողոսյանը։
Ըստ պատգամավորի՝ մենք պետք է կարեւոր մի բան սովորենք, պետք չէ ձեւավորել այնպիսի սպասումներ, որոնք չենք կարողանալու կյանքի կոչել։ «Պետք է ոտքն այնքանով մեկնել, որքանով երզում ես ու գնաս երազանքիդ։ Մենք պետք է գործենք, որ մեզ հարգեն, իսկ կհարգեն այն ժամանակ, երբ լինենք հզոր երկիր։ Եթե մենք զարգացնենք մեր տնտեսությունը, զբաղվենք գիտության զարգացմամբ, այդ ժամանակ նոր կձեւավորվեն շահեր ու մեզ հետ հաշվի կնստեն։ Երազելը լավ բան է, սակայն երազանքին հասնել է պետք, ինչ անհնարին չէ, սակայն գործել է պետք»։
Սոսե Չանդոյան