Կարինե Աճեմյանը՝ «հուսեյնովյան» մեծ ստի ու իրական փաստերի մասին
InterviewԱյն, որ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամբիոնն օգտագործում է սեփական պետության թերությունները կոծկելու ու ՀՀ-ի վրա ցեխ շպրտելու համար, նորություն չէ։
Օրերս ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը, իր սուրբ պարտքը համարելով, վայրահաչեց Հայաստանի հասցեին՝ մեր երկիրը ներկայացնելով որպես լրագրողների նկատմամբ բռնություններ գործադրող և ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքները խախտող երկիր: Ադրբեջանական գործելաոճի ու հայկական կողմի պատասխանի շուրջ Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ։
«Դա սարսափելի մեծ սուտ է, որը պետք է հերքվի։ Ինքս Լոնդոնում մասնակցել եմ Արեւելյան գործընկերության շրջանակներում դրա անդամ պետությունների մեդիաոլորտի մասին քննարկումներին ու շատ լավ եմ հիշում տվյալ ոլորտի լավագույն մասնագետների զեկույցները, դրանք վերաբերում էին ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանի մասին զեկույցներն արտառոց վատն էին այն առումով, որ տվյալ պետության լրագրողական համայնքում երբեւէ ազատություն չի եղել։ Պետք է նշեմ, որ նույնն այսօր է տեղի ունենում. Ադրբեջանում սահմանափակում են լրագրողների իրավունքները, նրանց ձերբակալում ու կալանավորում են, զրկում են ազատությունից ու ազատ խոսքի իրավունքից։ Ինչ վերաբերում է Հայաստանի վերաբերյալ զեկույցներին, ապա այստեղ ամեն ինչ շատ ավելի բարձր մակարդակի վրա էր շատ փոքր վերապահումներով»,- ասաց տիկին Աճեմյանը՝ շեշտելով, որ եվրոպական կառույցները երբեւէ իրենց զեկույցներում սուբյեկտիվ վերաբերմունք չեն դրսեւորել, ինչը պատգամավորը դրական է համարում. «Նույնիսկ Թուրքիայի ներկայացուցիչը, որը Եվրախորհրդարանի պատգամավոր էր, ընդունեց, որ ե՛ւ Թուրքիայում, ե՛ւ Ադրբեջանում սարսափելի վիճակ է՝ կապված մեդիաոլորտի հետ»։
«Երբ լսում ենք Հուսեյնովի ելույթը, հասկանում ենք, որ բավական չէ՝ նրանք չեն կարողանում իրենց երկրում ապահովել տվյալ դաշտի համար նորմալ պայմաններ, զբաղված են հերյուրանքներ տարածելով։ Բոլորն էլ լավ գիտեն, որ Հայաստանում նման դեպքեր չեն գրանցվել, ավելին, վերջին տասը տարիների ընթացքում դեպի ազատ մամուլ բավական մեծ աշխատանք է տարվել ու մենք մեծ հաջողություններ ենք գրանցել։ Կարծում եմ՝ նման ձեռքբերումներ Ադրբեջանում երբեք չի էլ գրանցվի։
Մենք ինքներս մշտապես կանգնած ենք լրագրողների կողքին եւ անում ենք ամեն ինչ որպեսզի ոչ մի բռնություն լրագրողների նկատմամբ չգրանցվի, աշխատանքները շարունակական են ու մինչ օրս դրանք տարվում են»,- ասաց պատգամավորը՝ արձանագրելով մեկ կաեւոր փաստ եւս. «ԼՂՀ-ն եւս մեդիադաշտի ոլորտում բավական ազատ է։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նրանք միշտ են նման կերպ գործել, սակայն, այո՛, պետք է հակադարձել ու ճշմարտությունն ասել, անգամ այն պարագայում, որ այնտեղ նստած պատգամավորներից շատերը քաջատեղյակ են, թե ինչ է կատարվոմ Հայաստանում եւ ինչ է իրականում կատարվում Ադրբեջանում»։
Սոսե Չանդոյան