Հոկտեմբերի 27-ին գնդակահարվեց մեր երկրի ժողովրդավարությունը. Լ. Զուրաբյան
InterviewԱյսօր հոկտեմբերի 27-ն է։ Ուղիղ 16 տարի առաջ այս օրը վտանգվեց ՀՀ պետականության ամենակարեւոր կառույցներից մեկը՝ ՀՀ Ազգային ժողովը: Օրը ցերեկով հաշվեհարդարի զոհ դարձան ժողովրդի հարգանքն ու սերը վայելող այնպիսի մարդիկ, ինչպիսիք էին Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը եւ այլք:
Թեև բավական երկար ժամանակ է անցել տեղի ունեցածից, սակայն, ինչպես նշում են քաղաքական տարբեր հարթակների ներկայացուցիչները, մինչ օրս այդպես էլ չեն բացահայտվել սպանության իրական մեղավորները եւ պատվիրատուները, ինչի շուրջ էլ Orer.am-ը զրուցեց ԱԺ ընդդիմադիր ու իշխանական պատգամավորների հետ։
Ինչպես նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, իրենց վերաբերմունքը հարցի վերաբերյալ չի փոխվել: «Մենք ամեն տարի ասում ենք ու այս անգամ եւս կկրկնենք, որ այդ քայլով իրականում գնդակահարվել է մեր երկրի ժողովրդավարությունը: Հանցագործությունը չի բացահայտվում, քանի որ տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում է ռեժիմը: Տեղի ունեցածը կբացահայտվի այն ժամանակ, երբ Հայաստանում կլինի իշխանափոխություն: Մեր գնահատականների մեջ հաստատակամ ենք ու ոչինչ չի փոխվել»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մնացական Մնացականյանը անկեղծանալով նշեց, որ չի կարծում, թե մոտ ապագայում հանցագործության կծիկը կբացվի. «Տեղի ունեցածը ուղղված էր ոչ միայն ՀՀ-ի կարեւորագույն կառույցներից մեկի՝ Ազգային ժողովի, այլ ուղղված էր նաեւ մեր երկրի հիմնական քաղաքական դեմքերի դեմ: Ցավալի է, որ այն չի բացահայտվել: Չեմ կարծում, որ մոտ ապագայում կարող է բացահայտվել: Ամեն դեպքում, նման երեւույթները խիստ դատապարտման են արժանի: Ես համոզված եմ, որ տեղի ունեցածը մեր պատմության մեջ վճռական նշանակություն ունեցավ՝ որպես ողբերգություն: Դա կարելի է համարել մեր անկախության տարիների ամենամեծ ողբերգություններից մեկը: Իհարկե, քաղաքական կոնտեքստներում մարդիկ մեղքը բարդում են մեկը մյուսի վրա, սակայն անմեղության կանխավարկածը պետք է մինչեւ վերջ գործի: Անհիմն մեղադրանքներն իմ կարծիքով ոչ մի տեղ տանող ճանապարհ է: Մեր բոլորի ցանկությունն է, որ տեղի ունեցածը բացահայտվի»:
Սոսե Չանդոյան