Սրանք էժանագին խաղեր են. Արագած Ախոյան
InterviewԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահող Ջեյմս Ուորլիքը օրերս իր հարցազրույցներից մեկում մասնավորապես նշել է, թե իբր սահմանին տիրող խաղաղ վիճակը կարող է հիմք հանդիսանալ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար:
Սահմանային խաղաղ վիճակի, իսկ ավելի ճիշտ` ուորլիքյան մեծ ստի վերաբերյալ Orer.am-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանի հետ, ով նշեց, որ նման խնդիրներում ցանկացած միջնորդ միշտ մեծ բեռ է վերցնում իր վրա: «Միջնորդը միշտ երկկողմանի պատասխանատվություն է վերցնում իր վրա, բնականաբար իրենց գործառույթի շահերից ելնելով պետք է փորձեն խնդիրը հանրությանը ներկայացնել այնպես, թե իբր ամեն ինչ նորմալ է ու հնարավոր է ինչ-որ բան շտկել ու որ արտառոց ոչինչ չի եղել: Դա բնական է»,- նկատեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձին, ապա, ինչպես նշեց Ա. Ախոյանը, դրանք միշտ են եղել. «Եղել են ակտիվ ու պասիվ շրջաններ: Այդ ամենը պայմանավորված է նրանով, թե այդ պահին քաղաքական ինչ խաղեր կամ ծրագրեր ունեն հարեւան երկրի ղեկավարները: Հաճախ դրանք պրիմիտիվության մի աստիճանի հասնող քայլեր են, որոնցով փորձում են ցույց տալ, որ իրենք իբր քնած չեն ու որ ամեն րոպե կարող են ակտիվանալ: Ի հակառակ այդ ամենի` մենք ասում ենք, որ միշտ պատրաստ ենք, միշտ արթուն ենք ու չենք վախենում ո՛չ կրակոցից, ո՛չ էլ դիվերսիայից: Քանի որ նրանք ընտրել են այդ ճանապարհը, ապա համարժեք պատասխանն անխուսափելի է»:
Սահմանային լարումները, ըստ պատգամավորի, պայմանավորված են նրանով, որ հանդիպման հարց կա նախագահների մակարդակով. «Այս պարագայում ադրբեջանական կողմին թվում է, թե որքան ակտիվ լինեն իրենք, այդքան դիրքերն ավելի կամրապնդեն հանդիպման ընթացքում, սակայն պետք է նշեմ, որ թյուր կարծիք է: Առանց այդ էլ գոյություն չունեցող հարաբերությունների մեջ չեմ կարծում, որ սա ճիշտ ուղի է կամ ճիշտ խաղի կանոն: Ադրբեջանական այս մոտեցումը շատ հնամաշ է ու պրիմիտիվ: Կարծում եմ` սրանք էժանագին խաղեր են: Նրանք պետք է հասկանան, որ պետք է գան ու նստեն բանակցությունների սեղանի շուրջ, ու որ ամենակարեւորն է, որպես կողմ, որպես ինքնիշխան պետություն պետք է լինի ԼՂՀ-ի իշխանությունների հետ: Պետք է նշեմ, որ իրենք ստիպված են գնալ այդ քայլին»:
Սոսե Չանդոյան