Ռուբեն Հախվերդյան. «Ես կարող եմ օրը 10-20 երգ գրել, սակայն դրանք երկար չեն ապրի»
LifestyleBlogNews.am-ը գրում է.
Ռուբեն Հախվերդյանի հեղինակային երգերի սիրահարները նոյեմբերի 5-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում հնարավորություն կունենան ունկնդրելու նրա «Կտրուկ շրջադարձ» խորագրով համերգը։ Հախվերդյանի հայտնի երգերը ներկայացված են լինելու Նարինե Զարիֆյանի մշակմամբ՝ Երևանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ:

Համերգի ընթացքում Հախվերդյանը կներկայացնի «Կտակ», «Հիսունից հետո», «Ուղիղ ժամը 12-ին», «Երևանի գիշերներում», «Եթե իմանայի» և այլ սիրված ստեղծագործություններ: ՀՀ կոմպոզիտորների միության անդամ Նարինե Զարիֆյանը նշեց, որ ստեղծագործությունները մշակելիս կարևորել է Հախվերդյանի կերպարը, խոսքն ու մտածողությունը։

«Ես շատ եմ սիրում այս երգերը և սիրով եմ մշակել դրանք: Ռուբենի ստեղծագործությունները հարուստ են իրենց հարմոնիկ մտածողությամբ, հետաքրքրություն ունեն և տարբերվում են հեղինակային այլ երգերից: Այդ իսկ պատճառով հաճույքով աշխատեցի»,- ասաց նա ու հավելեց, որ ինքն ու Ռուբեն Հախվերդյանը միասին աշխատել են ավելի քան 15 տարի։ Նրանք ունեն հինգ համատեղ ալբոմ։ «0-100 տարեկան երեխաներին» ալբոմի համար արժանացել են շատ մրցանակների։

Ռուբեն Հախվերդյանն էլ նշեց, որ Նարինեն այնքան ճաշակով է ներկայացրել երգերը, որ գրեթե համահեղինակ է դարձել։ Թե ինչու է համերգը ստացել «Կտրուկ շրջադարձ» խորագիրը, Հախվերդյանը պատասխանեց. «Ճշմարտությունը կլոր է: Կտրուկ շրջադարձ, որովհետև երգերս ներկայացնում եմ մեծ խմբով՝ գրեթե սիմֆոնիկ հնչողությամբ: Միևնույն ժամանակ, շատ կտրուկ շրջադարձ չէ, որովհետև ես և Նարինե Զարաֆյանը մոտ 15 տարի է՝ աշխատում ենք իրար հետ: Ոմանց շատ է դուր գալիս այս մոտեցումը, ոմանք կարող է չհավանեն և ասեն՝ միայն կիթառով ավելի հետաքրքիր է: Ամեն դեպքում մենք սա անում ենք այն ակնկալիքով, որ կարող է հետաքրքիր լինել»:
Համերգի ժամանակ նոր ստեղծագործություններ չեն հնչի։ Հախվերդյանը շեշտեց, որ այս ժանրի ստեղծագործությունները 5-10 տարին մեկ են ծնվում: «Ես կարող եմ օրը 10-20 երգ գրել, սակայն դրանք երկար չեն ապրի: էս տեսակ երգերի խոսքն ու երաժշտությունը միասին են ծնվում։ Մեծ դժվարությամբ են ստեղծվում երգերը, որոնք ունեն ոչ միայն երաժշտական, այլև բանաստեղծական արժեք»,- նկատեց երաժիշտը։

Երևանի պետական կամերային նվագախմբի դիրիժոր Վահան Մարտիրոսյանն էլ նշեց, որ մինչև խոսել սովորելը երգում էր Հախվերդյանի երգերը՝ առանց հասկանալու խոսքերը: «Շատ զգացված եմ, որ այսօր իր հետ նույն բեմահարթակում եմ լինելու: Շատ ուրախ եմ նաև Նարինե Զարիֆյանի հետ աշխատելու համար, քանի որ բոլոր մշակումներն արված են շատ բարձր որակով և ճաշակով: Երբ երաժշտին հեշտ է նվագել, նշանակում է՝ աշխատանքը լավ է արված»,- նշեց նա։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի