Հայաստանում Air France ավիաընկերությունը տոնում է գործունեության 10-ամյակը
SocietyՀայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը նոյեմբերի 17-ին մեծ շուքով նշվել է Air France ավիաընկերության Փարիզ-Երեւան-Փարիզ չվերթի տասներորդ տարեդարձը՝ ֆրանսիական Բոժոլե Նուվո գինու տոնակատարությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան- Ֆրանսուա Շարպանտիեն լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ Երեւանի եւ Փարիզի միջեւ տասը տարի առաջ թռիչք իրականացվեց, որը շատ կարեւոր իրադարձություն էր բոլորի համար:
«Ես ինքս օգտվում եմ Air France ավիաընկերության ծառայություններից, բայց ոչ միայն ելնելով ազգասիրական միտումներից, այլ գտնում եմ, որ այդ ավիաընկերությունը լավ է սպասարկում իր հաճախորդներին»,-ասաց նա:
Air France-KLM-ի տարածաշրջանային մենեջեր Ֆրանկ Վան՛տ Հոֆն ուրախությամբ հիշատակեց ավիաընկերության կողմից իրականացրած Էյրբաս Ա320 ինքնաթիռով ամենաառաջին չվերթին լեգենդար շանսոնիե Շառլ Ազնավուրի ներկայության փաստը:
«Այս տասը տարիների ընթացքում Air France-ը մայրաքաղաքների միջեւ տեղափոխել է ավելի քան 500.000 ուղեւորի: Մենք թարմացնում ենք հին ինքնաթիռները, բարելավում սնունդն ինքնաթիռներում, անընդհատ ճանապարհներ ենք որոնում ընդլայնելու մեր ցանցը»,-ասաց Հոֆը: Executive Travel գործակալության նախագահ Լեւոն Բաղդասարյանն էլ հավելեց, որ այսօր ավիաուղիները դեպի Երեւան իրականացնում են շաբաթական չորս չվերթ ամառային եւ երկու չվերթ ձմեռային չվացուցակով:
«Արդեն մեկ ամիս է, ինչ Air France ավիաընկերությունը ձմեռային շրջանի համար Երեւանից Փարիզ մեկնողներին առաջարկում է 20-25 տոկոս ավելի էժան գներով տոմսեր»,- նշեց Բաղդասարյանը: Հայաստանում Air France-ի Փարիզ-Երեւան առաջին չվերթն իրականացվել է 2006 թվականի ապրիլի 8-ին: Երկու մայրաքաղաքներն իրար կապող եվրոպական առաջատար ավիաընկերության վերոնշյալ չվերթը նոր խթան դարձավ ինչպես գործարար եւ տուրիստական, այնպես էլ մշակութային կապերի ընդլայնման եւ ամրապնդման համար: Եվրոպական խոշորագույն ավիաընկերության կողմից առաջարկված երթուղիների լայն ցանցի շնորհիվ՝ նոր հնարավորություններ ստեղծվեցին ոչ միայն հայաստանցիների, այլեւ աշխարհով մեկ սփռված հայության համար:
Air France ավիաընկերությունը հիմնադրվել է 1933 թվականին: 2004 թվականին կազմավորվել է Air France-KLM խումբը, որն այժմ իրականացնում է օրական 2200 չվերթ աշխարհով մեկ՝ իր 352 օդանավերի միջոցով: Խումբն առաջարկում է չվերթներ 320 ուղղություններով դեպի աշխարհի 114 երկրներ: